Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. BBC

Հոկտեմբեր 30,2019 16:39

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը նախազգուշացրել է, որ բանաձևը կթունավորի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև քաղաքական մթնոլորտը՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է կանգնած Կոնգրեսի այս անսպասելի քայլի հետևում, ինչ ազդեցություն կթողնի բանաձևը ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վրա և ինչ դերակատարում է ունեցել հայկական լոբբին բանաձևի ընդունման գործում:

Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը պաշտոնապես նշանակում է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է հայերի ցեղասպանությունը: Այն ուժի մեջ է մտնում առանց Սենատի և ԱՄՆ նախագահի հաստատման: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խորհրդանշական է, բայց ուղիղ ազդեցություն չունի պետդեպարտամենտի և ամերիկացի դիվանագետների դիրքորոշման վրա՝ BBC-ին ասել է Լոուրենս Բրոերսը՝ Հարավային Կովկասի հարցով փորձագետ և Conciliation Resources բրիտանական կազմակերպության կովկասյան ծրագրի ղեկավարը:

Այս փաստաթուղթը Թուրքիայի դեմ չէ, այլ Օսմանյան կայսրությունում պատմական իրադարձությունների մասին է՝ հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Ստան Հոյերը և հավելել. «Բանաձևը ազդանշան է մեր հայ եղբայրներին և քույրերին, ինչպես նաև քուրդ եղբայրներին ու քույրերին, որ ԱՄՆ-ը չի լքի նրանց»:

Հետաքննության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆն էլ հայտարարել է, որ այս բանաձևի համար պայքարել է 19 տարի: «Մենք երբեք չենք մոռանա,- ասել է կոնգրեսականը՝ ելույթը արցունքներով ընդհատելով,- մենք չենք լռելու»:

Հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Ներկայացուցիչների պալատին ներկայացվել էր դեռ հունվարին, բայց ընդունվեց հիմա՝ Թուրքիայի քաղաքականության հանդեպ Կոնգրեսի դժգոհության պատճառով, մասնավորապես Սիրիայում հյուսիսում քրդերի դեմ օպերացիայի համար: Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանություններն ու սպանությունները տեղի են ունեցել 1915-ին և ցեղասպանություն են ճանաչվում Ռուսաստանում, Բրազիլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում: ԱՄՆ կառավարությունը ավանդաբար խուսափել է այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանել, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է:

Եթե նախկինում ցեղասպանության ճանաչումը զոհաբերվում էր Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականության նկատառումներով, հիմա էլ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել այդ նույն նկատառումներից ելնելով՝ կարծում է Բրոերսը: Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը չի մոտեցնում վերջնական նպատակին, այսինքն` Թուրքիան պատրաստ չէ քննադատորեն գնահատել իր պատմությունը: Իսկ այսօրվա աշխարհաքաղաքական ենթատեքստում բանաձևը կարող է ընկալվել որպես Թուրքիային պատժելու փորձ՝ հավելել է փորձագետը:

«ԱՄՆ-ի Կոնգրեսում Թուրքիայի նկատմամբ աճող թշնամությունը սկսեց ի հայտ գալ քրդերի դեմ Սիրիա թուրքական ներխուժումից հետո»,-կարծում է BBC-ի թուրքական ծառայության լրագրող Իրեմ Քոքերը:

Բանաձևի ընդունումը կարող է վնասել գործին, որը վերջին տարիներին իրականացնում է Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը՝ կարծում է ամերիկացի փորձագետ, Eurasianet պարբերականի կովկասյան բաժնի խմբագիր Ջոշուա Կուչերան: «Ինձ համար դեմ լինելու ամենակարևոր փաստն այն է, որ վերջին տարիներին Թուրքիան շատ առաջ է գնացել սեփական անցյալն ընդունելու գործում: Դեռ 1915թ. ցեղասպանությունից առաջ թուրքական իշխանությունները հայերին ներկայացնում էին որպես Արևմուտքի հինգերորդ շարասյուն. և նման իրադարձությունները ջուր են լցնում նման մոտեցման ջրաղացին… Պալատի քվեարկությունը դավադրության տեսության կողմնակիցներին հաղթաթուղթ է տալիս»,-ասել է Կուչերան:

Իրադարձության աշխարհաքաղաքական ենթատեքստը չեն թաքցնում նաև կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են Ամերիկայի հայերին: Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան նահանգների ղեկավար Միհրան Թումաջյանի խոսքով՝ կազմակերպության ղեկավարությունը հասել է նրան, որ բանաձևի տեքստը հիշատակում է ԱՄՆ-ի կառավարության ներդրումը՝ 1915-1919թթ. ցեղասպանության զոհերին օգնելու հարցում:

Թումաջյանը նաև նշել է, որ երկրով մեկ ակտիվիստների մոբիլիզացման և կոնգրեսի անդամների հետ երկար աշխատանքի շնորհիվ վերջին պահին նրանցից շատերը փոխեցին իրենց կարծիքը և կողմ քվեարկեցին բանաձևի ճանաչմանը:

Պաշտոնական Անկարան խիստ բացասաբար է անդրադարձել ցեղասպանության ճանաչմանը: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը քվեարկության նախօրեին դիմել է կոնգրեսականներին՝ կոչ անելով հրաժարվել բանաձևի ընդունումից և վտանգի տակ չդնել Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունները:

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե վատանան քվեարկության պատճառով՝ կարծում է Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի Ինստիտուտի գիտաշխատող Գյունեի Յըլդըզը: Այդ հարաբերություններն արդեն ծայրահեղ ցածր մակարդակում են, իսկ ցեղասպանության ճանաչումը միայն կդանդաղեցնի դրանց վերականգնումը: «Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը մեծ նվեր էր նախագահ Էրդողանին, բայց նույնիսկ դա չլավացրեց երկու երկրների հարաբերությունները»,-ասել է Յըլդըզը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031