Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Վայոց ձորի նախկին մարզպետի՝ Տրդատ Սարգսյանի հնարավոր https://www.aravot.am/2019/10/07/1070477/ մասնակցությամբ ծեծկռտուքի գործի մասին՝ ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց. «4 զինծառայող պնդում են, իբրեւ մարզպետն այնտեղ է եղել եւ ունենք մարզպետի բնակարանի՝ շենքի դիմաց տեղակայված օբյեկտիվ հսկողության սարք, այսինքն՝ տեսախցիկ, ըստ տեսաձայնագրության, 22:30 մտնում է մուտք եւ 00:30-ին շքամուտքից դուրս է գալիս: Թեեւ այդ հանգամանքը կա, բայց զինծառայողներն առերեսվել են մարզպետի հետ, դեռ այդ գործով քննությունը չի ավարտվել»:
ՔԿ ղեկավարը նաեւ հայտնեց, որ տեսաձայնագրումը մոնտաժված չէ, դա ցույց է տվել փորձաքննությունը. «Երկու հակասական իրադրություն ունենք, որը պետք է քննել»: Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:
Խոսելով ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործի մասին՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ մի շարք տվյալներ կան, որոնք վկայում են, որ բնակարաններ են հատկացվել հանձնաժողովի կողմից անձանց, որոնց կամ պետք է ավելի ուշ հատկացվեր, կամ հանձնաժողովի քննարկման արդյունքում հատկացվեր, ոչ թե միանձնյա որոշման շրջանակներում: Հարցին՝ հրավիրվե՞լ է նա հարցաքննության՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ չի հրավիրվել. «Նա կարծեմ ՀՀ-ում չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ