Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը հերքում է Նաիրի Հունանյանի հետ կապը. «Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն ու աչքերիս մեջ նայեն»

Հոկտեմբեր 30,2019 15:54

Հոկտեմբերի 27-ի հարցը ես չեմ քննարկելու, դրա վերաբերյալ նորից քննարկում սկսելն այն խաղն է, որի մեջ մտնել պարտադրում են հիմա ժողովրդին»,-«Մամուլի ազգային ակումբում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, որ կալանավայրում Նաիրի Հունանյանի հետ զրույցի ժամանակ վերջինս ասել է, թե եղել է Վազգեն Մանուկյանի տանը, եւ որ ըստ Բաբաջանյանի՝ Վազգեն Մանուկյանը կապ ունի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, ասաց ՀՀ առաջին վարչապետ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա հարցադրում արեց. «Ո՞վ է ուղղորդում: Չեմ կարծում, որ առանց Փաշինյանի թույլտվության՝ Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ եւ խոսել: Եթե իշխանությունը հարց ունի, իրավապահ մարմիններ կան, թող վերանայեն գործը: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայեն եւ հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով անեն դա»:

https://www.facebook.com/aravot.am/videos/415654719371820/

Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը Նաիրի Հունանյանի հետ առնչվել է 1988-ի շարժման ժամանակ, երբ ինքը ներկայացնում էր «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ Նաիրի Հունանյանը՝ ուսանողական շարժումը. «Նա դիմել էր մեզ՝ ԱԺՄ կուսակցություն, ուզում էր ընդունվել: Մենք որոշել էինք, որ չարժե, մենք բոլորին չէինք ընդունում, նրան էլ չընդունեցինք ինչ-ինչ պատճառներով: Նրա հետ ոչ ընկերական հանդիպումներ, ոչ խոսակցություններ չեն եղել, մեր տանը նա չի եղել: Այս ամենն իր հետեւում քաղաքական նպատակներ ունի»:

Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի ասածին, թե Հոկտեմբերի 27-ը Վազգեն Մանուկյանի անձնական հաշվեհարդարն էր Վազգեն Սարգսյանի իշխանության դեմ, Վազգեն Մանուկյանը նշեց. «Նա այն մարդը չէ, որի ասածներին ես պետք է պատասխան տամ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/517925852273361/

Մանուկյանն այլեւս չցանկացավ Հոկտեմբերի 27-ի մասին մեկնաբանություններ անել, նաեւ պարզաբանել, թե ինչու էր այդ ոճրագործության հաջորդ օրը Հունանյանին եւ նրա խմբին անվանել «ռոմանտիկներ»: «Որքան գիտեմ՝ բոլոր խոսակցությունները բանտում ձայնագրվում են: Պահանջեք եւ լսեք այն, ես ինչո՞ւ Արման Բաբաջանյանի խոսքերին պատասխանեմ: Սա Բաբաջանյանի հարցը չէ, այլ քաղաքական պատվեր»,-եզրափակեց Վազգեն Մանուկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031