Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կառավարական ամառանոցներում 8 տուն վերանորոգվել է, ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար». Աղաջանյան

Հոկտեմբեր 30,2019 15:46

ԱԺ-ում այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից լրագրողները հետաքրքրվեցին կառավարական ամառանոցների վերանորոգման ծախսերից, որը քննադատության առարկա էր դարձել: Ըստ մամուլի հրապարակումների, 2 մլն դոլար է ծախսվել վերանորոգման համար ու ամառանոցներում տեղակայվել է անգամ տիկին Աննա Հակոբյանի անձնական օգտագործման համար վարսավիրանոց:

Հարցին՝ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ Աղաջանյանը պատասխանեց. «Վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել, որեւէ գնում պետական գնումներ են եւ դրանք գնվում են պետության կարիքների համար: Վարչապետը իր համար որեւէ գնում չի կատարում, այդ թվում նաեւ՝ Կոնդի առանձնատների վերանորոգման համար, որը պետության գույքն է: Ինչ վերաբերում է ծախսերին, այդ որոշումները գաղտնի ընթացակարգով են իրականացվում, որովհետեւ դա բխում է օրենքից: Երբ վերանորոգումը կլինի, պետռեգիստրում դրանց շուկայական արժեքը կավելանա»:

Հարցին՝ մեկ տարի առաջ ձեր իշխանության օրոք լրագրողներին տրամադրվել են տվյալներ, թե Սերժ Սարգսյանի օրոք քանի անգամ է այդ տունը վերանորոգվել եւ ինչքան գումար են ծախսել, հիմա ինչո՞ւ եք խտրականություն դրսեւորում, այդ օրենքը այն ժամանակ էլ կար՝ Աղաջանյանը պատասխանեց. «Մեր իշխանության օրոք վստահ չեմ, կստուգեմ»:

Aravot.am-ի հարցին՝ ինչքան էլ չուզենաք ասել՝ վարչապետի ամառանոցի վերանորոգման համար արդյոք երկու մլն դոլար է ծախսվել, համապատասխանո՞ւմ է դա իրականությանը, թե՞ ոչ, այնուամենայնիվ, գոնե կարո՞ղ եք ասել՝ ճի՞շտ է, որ այդ ամառանոցից միայն պատերն են մնացել եւ ամեն ինչ՝ ինտերիեր, դիզայն, գլխատակ շուռ է եկել՝ Աղաջանյանը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում: Կարող եմ ասել մի բան՝ այնտեղ թվով 8 տուն է վերանորոգվում, բոլոր տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար»: Այնտեղ այս պահին միայն վարչապետն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն են բնակվում, բայց Աղաջանյանն ասաց, որ այլ պաշտոնյաներ էլ են գալու:

Խոսելով պարգեւավճարների մասին՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ինքը պարգեւատրում ստացել է, ինչպես կառավարության աշխատակազմում բոլորը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանից: Իսկ թե ինչու են նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացրել, ասաց, որ բալանսի են բերել, ճշգրտել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031