Լրահոս
Օրվա լրահոսը

Կաունասի երգչախումբը հանդես կգա Հայաստանում

Հոկտեմբեր 30,2019 15:26

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբեր ամիսը հագեցած է լինելու պրեմիերաներով․ նոյեմբերի 8-ին այստեղ հանդես կգա Կաունասի պետական երգչախումբը՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»։ Իսկ «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը Երևանում առաջին անգամ կցուցադրվի թատրոնի արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիսատեսին կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգը»։ Հռչակավոր երգիչ Բրին Թերֆելը Լաս Պալմասում կայացած համերգից հետո Կաունասի երգչախմբի մասին ասել է․ «Ձեր երգչախումբը ես դասում եմ աշխարհի լավագույն խմբերի շարքին»:

Երգչախմբի երկացանկն ընդգրկում է դասական երաժշտության համաշխարհային գանձարանին պատկանող միջնադարյան և մերօրյա շուրջ 200 խոշորածավալ վոկալ-գործիքային ստեղծագործություն՝ օրատորիաներ, կանտատներ, ժամերգություններ, պասսիաներ, տարբեր օպերաների համերգային կամ բեմական կատարումներ:

Խումբն իր գործունեությունը սկսել է 1969թ. հոկտեմբերի 23-ին: Կես դար շարունակ երգչախմբի ղեկավարն է Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Պյատրաս Բինգելիսը: Սկսած 1989-ից՝ Կաունասի երգչախումբը դարձել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների փնտրված մասնակիցը, որոնց մասնակցել են Իրինա Արխիպովան, Մոնսերատ Կաբալյեն, Դմիտրի Խվորոստովսկին և ուրիշ անվանի արտիստներ: Երգչախմբի համերգները ղեկավարել են նշանավոր Յուստուս Ֆրանցը, Դմիտրի Կիտայենկոն, Սիրիլ Դիտրիխը, Յան Պասկալ Տորտելյեն, Ջոն Ակսելրոդը, Վլադիմիր Սպիվակովը, Վալերի Գերգիևը, Չոն Մեն Հունը, լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ ականավոր վարպետներ: Կաունասցի վարպետները հայրենի Լիտվայում և արտասահմանում տվել են ավելի քան 3000 համերգ: Կաունասի երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը կղեկավարի մաեստրո Կոնստանտին Օրբելյանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի թատրոնի տնօրենի պաշտոնում․ դատարանը բավարարել է մաեստրոյի հայցն ամբողջությամբ։ Անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանը ազատվել էր աշխատանքից։

Դեռևս դժվար է ասել, թե որքան վնասներ կրեց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում, սակայն փաստ է, որ թատրոնի հովանավորները դադարեցրել են իրենց ֆինանսավորումը, իսկ տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի հետ կապված պայմանավորվածություններն անորոշ իրավիճակի արդյունքում սառեցվել են։

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը մեզ հետ զրույցում փաստեց․ «Երբ նշանակվեցի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում, օգտագործելով իմ անունն ու կապերը, թատրոնի համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն փնտրեցի: Երբ որոշեցին, որ ինձ պետք է հեռացնեն տնօրենի պաշտոնից, այդ ժամանակ թատրոնին աջակցող հովանավորները, ցավոք, դադարեցրին իրենց համագործակցությունը թատրոնի հետ։ Հույս ունեմ, որ նոյեմբերի 8-ից հետո, երբ վերջնական ուժի մեջ կմտնի դատարանի որոշումը, Օպերայի և բալետի թատրոնը կշարունակի իր բնականոն գործունեությունը և նորանոր ստեղծագործական հաջողություններ կգրանցի»։

Անի ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031