Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարի ի՞նչ փոփոխություններ կկրեն վարկերի ու ավանդների տոկոսները. Կանխատեսում է Բանկերի միության նախագահը

Հոկտեմբեր 30,2019 14:03

Եկող տարի էական փոփոխություններ չեն լինի վարկերի եւ ավանդների տոկոսների հարցում: Այսօր այս մասին ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ  Մհեր Աբրահամյանը՝ նշելով, որ այսպիսի կանխատեսումներ անելն «ամենաանշնորհակալ գործն» է:

Նա ասաց, որ դրա համար հիմք է հանդիսանում Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը, որն ազդում է բանկային տոկոսների վրա։ «Կարծում եմ, որ ամեն ինչ կմնա նույն մակարդակի վրա, աճման ուղղությամբ՝ չեմ կարծում, թե կլինեն զարգացումներ։ Հավանաբար կայուն դինամիկա կլինի»,-ասաց պարոն Աբրահամյանը: Նրա խոսքով, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգում արձանագրվել են դրական ցուցանիշներ. «Բանկային համակարգը բավական կապիտալիզացված է, ինչը նշանակում է, որ ունակ է կլանել ցանկացած տիպի շոկեր եւ ռիսկեր։ Սա նշանակում է նաեւ, որ հետագա աճի եւ զարգացման համար կան բավարար հիմքեր»:

Միության նախագահը տեղեկացրեց, որ բանկային համակարգում իրացվելիության ցուցանիշները նույնպես բարձր են, ինչը վկայում է, որ քաղաքացիների  եւ բիզնեսի վստահությունը բարձր է բանկային համակարգի նկատմամբ. «Բանկային համակարգն ունակ է եւ վստահորեն կարող է սպասարկել տնտեսությունը»:

«Ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել է 3,8 տոկոսով կամ 29 միլիարդ ՀՀ դրամով։ Վարկային ներդրումները երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել են 118 մլրդ դրամով կամ 3,6 տոկոսով։ Տրամադրված վարկերի շուրջ 62 տոկոսը տնտեսությանը տրամադրված վարկերն են, միայն 36 տոկոսն են ֆիզիկական անձանց կամ անհատներին տրամադրված վարկերը»,-ասաց ասուլիսին ներկա Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ պարզաբանելով, որ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2019թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 818 միլիարդ դրամ, վարկերը՝ 3 տրլն 370 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 4 տրլն 576 մլրդ դրամ, ակտիվները՝ 5 տրլն 395 մլրդ դրամ:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031