Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով հայտնած մտահոգության ու հայտարարության մասին՝ ասաց. «Ողջունում եմ պարոն Բուքիքիոյի հայտարարությունը, շատ կարեւոր է: Կառավարությունում ի գիտություն ենք ընդունել նրա դիտարկումները: Ես էլ եմ կարծում, որ ի վերջո ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով եւ մենք բնականոն շարունակենք աշխատանքները»: Բադասյանն ասաց, որ եզրակացություններ անելու են:
Բուքիքիոն փոխադարձ հարգանքի կոչ էր արել: Բադասյանն ասաց, որ փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն միշտ է տեսնում, սակայն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ՝ ՍԴ նախագահի՝ կասկածելի ընտրության, որը ծագել է այն ժամանակ, երբ ինքը այդ պաշտոնում ընտրվել է. «Խնդիրը մեծապես կախված է դրա հետ, դա Սահմանադրության ոգուն դեմ էր»:
Ըստ Բադասյանի, Սահմանադրական ճգնաժամը վերջնական կլուծվի, երբ սահմանադրական բարեփոխումներ լինեն. «Ես հիմա մեծապես կարեւորում եմ ՍԴ կազմի թարմացումը»:
Նախարարն ասաց, որ հայտարարությանը հաջորդած Բուքիքիոյի հարցազրույցը չի դիտել, ինքը ընդունում է պաշտոնական հայտարարությունը: Նա ասաց, որ եթե կասկածներ կան, մտահոգություններ, որպես լավ գործընկեր, մշտապես պատրաստ են տրամադրել տվյալներ, որ փարատվի մտահոգությունն ու առաջացած կասկածները:
Կարդացեք նաև
Հարցին՝ կա՞ նման հնարավորություն Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու, երբ դրա համար անհրաժեշտ է ՍԴ-ի որոշումը, թույլտվությունը՝ Բադասյանը պատասխանեց, որ քանի որ գործը ՀՔԾ վարույթում է, այդ հարցին չի պատասխանի. «Ինձ մոտ տպավորություն է, որ ինչ-որ խումբ անպայման ուզում է, որ այդ պահը գա, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու կամ կալանավորելու խնդիր լինի: Ես խուսափում եմ այդ հարցին պատասխանելուց, որովհետեւ նախ՝ իմ իրավասության շրջանակում չի, հետո՝ ես չեմ ուզում տպավորություն լինի, որ անպայման այդ պահը պետք է վրա հասնի»:
Aravot.am-ը հարցրեց՝ Ջիանի Բուքիքիոն «Շանթին» տված հարցազրույցում ասել է, որ Հրայր Թովմասյանը հարվածների տակ է ու հիշեցրել, որ Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է.
«Սա նշանակում է՝ դատավորները նշանակվում են՝ պաշտպանելու Սահմանադրությունը եւ ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք չէ ներդաշնակեցնել քաղաքական շրջափուլերի հետ: Նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել՝ քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը»: Հարցին՝ համաձա՞յն եք նրա այս գնահատականի հետ՝ Բադասյանը պատասխանեց. «Ամեն կառավարության ձեւավորումից հետո, իհարկե, ՍԴ չպետք է փոխվի, ոչ միայն ՍԴ-ում, այլեւ դատական համակարգում, եթե ամեն իշխանության հետ փոփոխություն լինի՝ լուրջ խնդիր կլինի: Միաժամանակ մենք պետք է հասկանանք՝ նոր կառավարությունը, երբ քննարկում էր վեթինգ հայտարարելու, մոդելի ընտրության հարցը, ես նշել եմ, որ չպետք է գնանք համատարած վեթինգի ճանապարհով, մենք պետք է գնանք փուլային, պիտի համոզված լինենք, որ նոր մարդիկ արդարադատության շահով են առաջնորդվելու: Միաժամանակ մենք պետք է հասկանանք, թե այս կառավարությունն ինչպես է ձեւավորվել, ձեւավորվել է համաժողովրդական շարժման արդյունքում: Մենք պետք է հասկանանք, որ այս փոփոխությունները, որոնք մենք նախատեսել ենք, ինչից են բխում, բնականաբար, այն պահանջներից, որն ուներ հայ ժողովուրդը, երբ համաժողովրդական շարժում էր սկսում եւ անում»:
Բադասյանը խոսեց նաեւ ՍԴ-ն լուծարելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում՝ շուտով
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ