Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել են ԱԳՆ բացատրություն տալու` այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը քննադատել է բանաձևի ընդունումը:
«Տվյալ փաստաթուղթը անհանգստացնում է բոլոր նրանց, ովքեր նշանակություն են տալիս Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին: Նրանք, ովքեր կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը պատասխանատվություն են կրելու բարդ տարածաշրջանում Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական հարաբերությունների վատթարացման համար: Հայ եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների գործիք չդարձնել»,-ասել է Ալթունը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած երկրորդ բանաձևին, որը տնտեսական պատժամիջոցներ է նախատեսում Թուրքիայի դեմ, ապա Ալթունը կարծում է, որ այդ որոշումը հակասում է երկու երկրների միջև համագործակցության հոգուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ