Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավոր ունենք՝ ավելի շատ թռնում է, քան քայլում». Գեւորգ Պետրոսյան

Հոկտեմբեր 30,2019 13:25

«Պատգամավոր ունենք՝ ավելի շատ թռնում է, քան քայլում: Հանրությունը հարցնում է`էդ մարդու`երկրին տված օգուտը, ո՞րն է»,- Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`հավելելով, որ պատգամավորների գործուղումների արդյունքը պետք է տեսանելի լինի: Նա կարծում է, որ մեխանիզմներ պետք է մշակվեն, ըստ որոնց գործուղումների արդյունքների վերաբերյալ պատգամավորները հաշվետվություններ կներկայացնեն:

Հարցը բարձրաձայնել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը`անդրադառնալով իրենց գործուղումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Նա ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանից հետաքրքրվեց`կա՞ համեմատական՝ մեկ պատգամավորի հաշվով միջին գործուղման ծախսը այս եւ նախորդ գումարման խորհրդարաններում, վեց ամսվա տվյալներով որքա՞ն է: Տիգրան Գալստյանը թիվ չնշեց, սակայն ասաց, որ այն նվազելու միտում ունի: Նաեւ հավելեց, որ գործուղումներին հատկացվող գումարները բացարձակ արժեքով ավելի են եղել այս տարի, քան նախորդ տարի էր. «Նաեւ նոր կարգավորում ենք ունենալու, որով հստակ երևում է, թե պատվիրակը երբ է մեկնում, երբ վերադառնում։ Այս պահի դրությամբ ունենք որոշակի բանավոր կարգավորումներ, իսկ փոփոխությունները հնարավորություն կտան հստակեցնել մեկնման եւ վերադարձի հետ կապված հարցերը»:

Տիգրան Գալստյանը նաեւ հավատացրեց, որ գործուղումների հետ կապված խիստ վերահսկողություն են սահմանում` սկսած տոմսերի գներից մինչեւ պատվիրակությունների ծրագրով պայմանավորված արտերկրում լինելու ժամանակահատվածը:

Ըստ նրա, նույն համեմատությամբ նվազել են նաեւ ներկայացուցչական ծախսերը. պատվիրակությունների ընդունման համար 40 միլիոն դրամով քիչ է եղել ծախսվել` 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

«Կան պատգամավորներ, որոնք գործուղման չեն մեկնում, բայց աշխատանքի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է»,- սա էլ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի տեսակետն է: Նա գտնում է, որ պատգամավորի աշխատանքի արդյունքը պետք է տեսանելի լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031