Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնարդ Պետրոսյանի որդի՝ փաստաբան Էմիլ Պետրոսյան. «Ես չեմ կարող հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27 է կազմակերպել». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 30,2019 13:09

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից այն ժամանակ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի որդին՝ փաստաբան Էմիլ Պետրոսյանը կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու հիմքեր կան, բայց հնարավոր է, որ դա նպատակահարմար չէ հիմա։

-Ռոբերտ Քոչարյանի անունը շատ է շոշափվել այս ահաբեկչության հնարավոր պատվիրատուների ցանկում։ 20 տարիների ուսումնասիրությունը, ստացած տեղեկությունները, ձեզ հիմք տալի՞ս են որեւէ կասկած ունենալ նրա հետ կապված, որ հնարավոր է կոնկրետ Լեոնարդ Պետրոսյանի գործունեության որոշ դրվագներ նրան դուր եկած չլինեն, միտում ունենա նրանից ազատվելու։

– Հոկտեմբերի 27-ի գլխավոր զոհերը Ազգային ժողովի նախագահն ու վարչապետն էին, այսինքն՝ իմ հայրիկի համար չէր կազմակերպված այդ ամենը։ Ռոբերտ Քոչարյանն իր բոլոր հրապարակային ելույթներում ասում է, որ իր ընկերն է եղել Լեոնարդը։ էն ժամանակ, երբ որ ինքը նախագահ է եղել Ղարաբաղում, հայրս վարչապետ է եղել, շատ բարձր է գնահատել հորս աշխատանքը եւ համատեղ գործունեությունը։ Ես չեմ կարող հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27 է կազմակերպել։ Կասկածներ բոլորի վրա կարելի է մտածել։ Կարող ենք ամեն ինչ էլ մտածել՝ Թուրքիա մտածենք, Ռուսաստան մտածենք, դաշնակներ մտածենք, Քոչարյան մտածենք… Այն ժամանակ Նաիրի Հունանյանը Սամվել Բաբայանի վրա էլ էր ակնարկներ անում, ամեն ինչ էլ ասել է՝ շեղելու համար։ Եվ այս ամենը գալիս է նրանից, որ վերջակետ դրված չի այդ քրեական գործին։

Դեռ այն ժամանակ ենք բոլորս ասել, որ այս գործը ուչաստկովիի մակարդակի գործ չէր, բայց քննվել է հենց ուչաստկովիի մակարդակով՝ թերի։ Ու այն ժամանակ էլ ասվել է, որ գործում էին այնպես, որ կարծես ուղիղ կոծկում էին այդ հանցագործությունը, ոչ թե բացահայտում։ Եթե հիշենք այն ժամանակվա դատավարությունը, Սամվել Ուզունյանի (գործը քննող դատավոր,–խմբ.) հիվանդանալը, հետո առողջանալ, Տիգրան Նաղդալյանի սպանությունը, հետո դրա բացահայտվելը, հետո նորից գործի վերսկսումը… Այս ամենը իրար հետ կապված են, բայց դե համոզված կարծիք արտահայտելու համար պետք է գործը քննող քննիչ լինել։

-Վերջին մի քանի օրերին կարծիքներ են հնչել, որ Գագիկ Ջհանգիրյանը ինչ-որ բաներ չի կարողացել այն ժամանակ ասել, հիմա կկարողանա։

-Տա Աստված, որ ես սխալվեմ, ինքը ինչ-որ արժեքավոր ինֆորմացիա ունենա ասելու, բայց ինձ թվում է բեկումնային ինֆորմացիա… եթե պիտի ասեր, թող 2008-ին ասեր, երբ հրապարակից խոսում էր։ Ինձ թվում է, որ հնարավոր չէ, բայց դե մարդ է, կարող է էսքան ժամանակ պահել է, հիմա ասի։

-Ես ճի՞շտ եմ հասկանում՝ դուք բարդ եք պատկերացնում այդ գործում նոր ընթացքը։ Ավելի շատ հնարավոր չեք համարում բացահայտումը, քան հնարավոր եք համարում։

-Քննիչների լեզվով ասած՝ Հոկտեմբերի 27-ի գործը կլասիկ փչացրած քրեական գործ է։ Միտումնավոր փչացրած է այնպես, որ այդ գործի շրջանակներում ինչ-որ բաց տեղ չկարողանաս գտնել, որովհետեւ այնտեղ ամեն ինչ արդեն գրված է։ Մի մասն էլ թելը սենց գնում ու կտրվում է։ Օրինակ Լիտվիենկոյի հայտարարության հետ կապված (ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պահեստի փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվիենկոն 2005-ին հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները) ի՞նչ են արել մեր հայրենի իրավապահ մարմինները, քննչական հանձնարարությո՞ւն են ուղարկել, քննիչի՞ են գործուղման ուղարկել, ոչ մի բան էլ չեն արել։ Կտրվել է ու այդ մասը այդպես բաց մնացել է Հիմա ի՞նչ անեն, էդ մարդը մահացել է, այդ գործողությունը ժամանակին չի արվել։ Հե՞շտ է, թե՞ չէ։ Ես չեմ ասում անհնարին է, բայց որ բավական բարդ է լինելու, միանշանակ։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ                                                                       

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031