Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Խաչատրյան. Հրայր Թովմասյանի հրաժարականը Արսեն Բաբայանի կալանավորման հետ առնչություն չունի

Հոկտեմբեր 30,2019 13:18

«Այդ գործով որեւէ մեկնաբանություն այս պահին չեմ անի, քրեական գործը երեկ ենք ստացել, դեռեւս ուսումնասիրում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անդրադառնալով ՍԴ նախագահի նկատմամբ վարույթ ընդունված գործին:

Լրագրողի հարցին` Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունքի վերաբերյալ, ՀՔԾ պետը պատասխանեց. «Մենք հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի»:

Սասուն Խաչատրյանը չի կիսում բազմաթիվ իրավաբանների տեսակետը, թե Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է: Հիշեցնում է`ինքը բազմիցս էլ հայտարարել. «ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում եւ ենթարկվում է միայն օրենքին»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու անհրաժեշտությունից: Սասուն Խաչատրյանն ասաց`քննիչն է այդպես ճիշտ համարել: Նրա տեսակցությունների սահմանափակումը ՀՔԾ պետը նույնպես բացատրում է քննիչի որոշմամբ `նախաքննության շահերից ելնելով: Այդ նույն նկատառումներից ելնելով էլ, ըստ Սասուն Խաչատրյանի, Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսազանգերն են սահմանափակվել. «Տվյալ դեպքում, գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանավորման պայմաններում: Հենց այս նկատառումներից էլ ելնելով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա: Այս դեպքը յուրահատուկ է հենց իրավական տեսանկյունից»:

Հարցին՝ Արսեն Բաբայանը վտանգավոր հանցագո՞րծ է, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Հարցեր են տալիս, որոնք պատասխաններ չունեն»:

Իսկ Արսեն Բաբայանի անչափահաս երեխաների տեսակցությունը չթույլատրելու մասին տեղեկություն, Սասուն Խաչատրյանը չունի, բայց եթե նման բան եղել է`դատապարտելի խախտում է համարում:

Մեկ այլ հարցի` եթե Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացներ, Արսեն Բաբայանին կձերբակալեի՞ն, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ Թովմասյանի հրաժարականը քրեական գործի հետ որեւէ առնչություն չունի:

Դիտարկմանը`ինչո՞ւ է մեկ պատգամավորի թույլատրվում հանդիպել ոճրագործ Նաիրի Հունանյանին, իսկ Արսեն Բաբայանին հանդիպելու պատգամավորների դիմումը մերժվում է, Սասուն Խաչատրյանը հորդորեց`նրանց նույն հարթության վրա չդնել, քանի որ կալանք կրող դատապարտյալի եւ երկու ամսով նախաքննական կալանքի տակ գտնվող անձերի կարգավիճակներն են այլ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031