Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարի խորհրդականը` աղմկոտ թեմայի մասին. «Քննարկում ենք մի բան, որը դեռեւս հրապարակում չէ»

Հոկտեմբեր 30,2019 12:54

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը «Հոդված 3» ակումբում կայացած «Հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը՝ ոչ պարտադիր. նախաձեռնության նպատակահարմարությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ առարկաները կամավոր կամ պարտադիր դարձնելու մասին խոսք անգամ չկա, եւ հաճախ մարդիկ քննարկումներում հեռանում են թեմայից եւ ենթադրություններն ընկալում են իբրեւ իրականություն:

«Նախարարությունը դեռեւս նախագիծ չի ներկայացրել, նախագծի աշխատանքային տարբերակն է ուղարկվել բուհեր, տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ու մասնագետների` ներքին քննարկման, այն վերամշակելու համար, որը հետագայում կներկայացվի որպես պաշտոնական նախագիծ: Այսինքն` հիմա քննարկում ենք մի բան, որը դեռեւս հրապարակում չէ»,-ասաց պարոն Կարաբեկյանը: Նա շեշտեց, որ նախարարությունը դեռեւս պաշտոնական կարծիք չի ներկայացրել, հետեւաբար ինքն ավելի շատ լսողի դերում կլինի քննարկման ժամանակ:

ԵՊՀ դասախոս Անի Կոջոյանի ձեւակերպմամբ, խնդիրը ոչ թե առարկաների հարցն է, այլ ավելի խորքային է: Նրա ասելով, խնդիրը պետք է դիտարկել բուհական ազատության համատեքստում եւ կրթական ծրագրերի վերջնարդյունքներով: «Մենք նկատի ունենք նորմատի՞վ հայոց լեզվի դասավանդումը բուհերում, թե՞ լեզուն որպես ակադեմիական հաղորդակցության միջոց: Առաջին դեպքում սա հանրակրթության խնդրո առարկան է, պետք է դասավանդվի հանրակրթությունում, ինչ վերաբերվում է հայոց լեզվին, լեզուն որպես ակադեմիական կամ հատուկ նպատակների համար, ապա դա պետք է դասավանդվի բուհական համակարգում: Նախ պետք է հասկանանք, թե բուհը ինչ անկախություն ունի, արդյոք դա պետք է օրենքով սահմանվի, թե ոչ»,-ասաց ԵՊՀ դասախոսը` հղում անելով Բոլոնիական գործընթացներին ՀՀ-ի միանալուն:

«Եթե բուհերն իրենց կրթական ծրագրերով որոշ ժամանակ անց անցնելու են ծրագրային հավատարմագրում, իրենք պետք է կրեն պատասխանատվություն իրենց կրթական ծրագրերի համար»,-փաստում է մասնագետը ու հավելում, որ օրենքով բուհը պետք է որոշի այն առարկաների ցանկը, որոնք անհրաժեշտ են մասնագետ պատրաստելու համար` հաշվի առնելով միջազգային չափանիշներով ու չափորոշիչներով կրթական ծրագրերի հավատարմագրումը:

Նա անդրադարձավ նաեւ հանրակրթության ոլորտում ֆունկցիոնալ գրագիտության խնդրին, եւ ասաց, որ Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում 19-21 տարեկան երիտասարդների շուրջ 10%-ը անգրագետ է, եւ ստացվում է նրանք դպրոցում լավ չեն սովորել:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց ֆակուլտետում ստորագրահավաք է սկսել որոշման դեմ, որին միացել են այլ ֆակուլտետներ եւս: «Օրենք մշակողները գիտե՞ն դպրոցականների մակարդակը, գիտե՞ն, որ նրանք տարրական գիտելիքներ չունեն։ Իհարկե, այդ առարկաները բուհական մակարդակին պետք է հարմարեցվեն»,-ասաց նա:

«Արդյոք այս օրենքով կփոխվի՞ բուհական համակարգը, մենք ունենք բավական հնացած ու մարգինալացված վիճակում գտնվող համակարգ, որը չի դիմանում նորարարություններին։ Չեմ կիսում երկու կողմերի բերած տեսակետները, պատճառը թողած ընկել ենք հետևանքների հետևից»,-իր հերթին նշեց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031