Այս օրերին ՀՀ ուժային կառույցները մեկը մյուսի հետեւից հաղորդագրություններ տարածեցին, որոնք առնչվում էին վերջին տարիներին Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումներին։ Բացի Թովմասյանից հանրային քննարկման տիրույթում է նաեւ ՍԴ նիստերից դատավոր Վահե Գրիգորյանի բացակայության, միեւնույն ժամանակ աշխատավարձ ստանալու հարցը։ Բարձր դատարանի շուրջ իրադարձությունների մասին զրուցել ենք Ալվինա Գյուլումյանի հետ:
-ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ նպատակ ունի հասնել ՍԴ անդամների անհատական լյուստրացիայի…
-Դե թող սկսի իրենից, հետո մտածի ՍԴ դատավորների մասին։
-Դուք պատրա՞ստ եք լյուստրացիայի։
Կարդացեք նաև
-Ես միշտ պատրաստ եմ, հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, միշտ էլ փորձել եմ այնպես ապրել, որ բոլորին պարզ ճակատով նայեմ, ե՛ւ իմ մասնագիտական գործունեության, ե՛ւ առօրյա կյանքում, որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց եթե այդ լյուստրացիայի մեջ ասվի, որ պետք է նայենք՝ ով ինչպես է քվեարկել, այստեղ ուզում ես ասել՝ կանգ առ, գոյություն ունի խորհրդակցական սենյակի գաղտնիք։ Դու երբեք ոչ մի գործով չես իմանա՝ ով ինչպես է քվեարկել, եթե դա չի արտահայտվել հատուկ կարծիքի ձեւով. պետք է տարրական իրավական գիտելիքներ ունենալ։
-Տիկին Գյուլումյան, ինչքա՞ն է Դատարանի շուրջ ստեղծված այս լարված իրավիճակը շարունակվելու…
-Կարծում եմ՝ հարցն ինձ կամ ՍԴ-ին չի վերաբերում, հարցը կարող եք առաջադրել նրանց, որոնք ստեղծել են այս ձնագնդին։
-Ովքե՞ր են ստեղծել։
-Դուք կիմանաք։
-Այդ պնդումը դուք եք անում։
-Ես չեմ կարող ասել ով, բայց ՍԴ-ն չի ստեղծել։
-Այդուհանդերձ, փաստ է, որ հանրությունը վստահություն չունի Դատարանի հանդեպ։
-Ես չգիտեմ՝ ձեր ասած հանրությունը որն է, անկեղծ եմ ասում։
-Այն քաղաքացիները, որոնք մերժեցին…
-Որոնք տասը հոգով եկան ՍԴ-ի դիմաց կանգնեցին ու հրաժարակա՞ն պահանջեցին։ Տասը հոգով, որոնցից ինչ-որ մեկը մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է, մյուսները չգիտեմ որ…
-Իրենք հանրության մի փոքր մասն են։ Ես խոսում եմ հանրության մասին, որի մեծ մասը նախորդ տարի մերժեց կառավարող այն ուժին, որի օրոք ձեւավորվել է այս Դատարանի հիմնական կազմը:
-Թյուր կարծիք կա։ ՍԴ գործող կազմը այն կառավարության օրոք չի կազմավորվել։ ՍԴ կազմը կազմավորվել է 1996 թվականից, երբ ստեղծվեց Դատարանը, եւ ժամանակ առ ժամանակ որոշ անդամներ տարիքը լրանալուն պես փոխվել են։ Ասել, որ կազմավորվել են այն իշխանության օրոք, դա շատ սխալ մոտեցում է: Դատարաններն, ի տարբերություն պետական այլ մարմինների, ավելի երկարատեւ ժամանակի համար են ստեղծվում՝ հենց Դատարանի անկախության շահերից ելնելով, որպեսզի քաղաքական իշխանության փոփոխությամբ կարողանա անկախ լինել առաջին հերթին իշխանությունից։ Հիմա, որ երեք տարուց փոխվեց իշխանությունը, նոր ՍԴ են ստեղծելո՞ւ, կարող է, չէ՞, փոխվել քաղաքական իշխանությունը, ամեն անգամ դատարանի կազմը փոխե՞նք։ Հետո, ձեր ասած բազմահազարանոց ցույցերին ես ինքս էլ եմ մասնակցել։ Իմ աղջիկը հաստատ մասնակցել է, ես էլ գնացել եմ, ոչ անմիջապես քայլող, բայց կողքից որպես հետաքրքրվող եղել եմ։
-Դուք է՞լ էիք ուզում, որ այդ իշխանությունը հեռանա, թե՞ միայն որպես հետաքրքրվող եք ներկա եղել։
-Կարող եմ ասել՝ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Բաներ կային նախորդ իշխանության ժամանակ, որ ինձ էլ դուր չէին գալիս, ես դա չեմ թաքցրել երբեւէ, եւ իրենք էլ են իմացել, ես ցանկացած իշխանության ժամանակ ցանկացած որոշման փորձել եմ հակառակ կարծիքը ներկայացնել, որպեսզի ճշմարտությունը ծնվի բանավեճի արդյունքում։ Հիմա այդ բազմահազարանոց ցույցերի ժամանակ թեկուզ մեկն ասե՞լ է, որ ՍԴ֊ն էլ պետք է հեռանա, մի բառ լսե՞լ եք։
-Տարբեր շրջանակներ կարծում են, որ եթե ՍԴ-ն այս կազմով մնա, բարեփոխում, ըստ էության, չի լինի։ Ըստ այդմ՝ դուք հրաժարականի անհրաժեշտություն չե՞ք տեսնում։
-Թող ոչ մեկը հանրությանը չմանիպուլացնի։ Երբ հանրաքվե կարվի, կպարզվի՝ ՍԴ-ն պետք չի, մենք կհեռանանք։ Մենք ի վերջո այս. հանրության համար ենք աշխատում, բայց եթե տասը կամ թեկուզ հարյուր հոգի, որոնք ինչ-ինչ պատճառներով վիրավորված են, գուցե իրենց շահը չի պաշտպանվել այս դատարանում, նրանց պահանջով այս Դատարանից ոչ ոք չի հեռանա։ Ցանկացած դատարանի դիմաց երկու կողմ է, մեկը միշտ դժգոհ եւ եթե ԱԺ-ի դիմաց հնարավոր էր հավաքել հազարներ, դատարանների մուտքերը փակելու՝ վարչապետի կոչից հետո ՍԴ-ի դիմաց եկել էին մի հիսուն հոգի, իսկ հետո ընդամենը տասը հոգի, ես պետք է կատարեմ նրա՞նց պահանջը։ Իմ հանրությունը, որի համար ես վերադարձել եմ ՄԻԵԴ-ից, դա չէ: Եթե գեթ մի գործ բերեն, ասեն՝ Գյուլումյանն այստեղ անարդար է եղել, ես կհեռանամ, եթե, իհարկե, այդ գործը շինծու չէ:
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում