ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը։ Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով՝ հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը։ Խոշոր հարկատուների մեծ մասն ավելացրել է հարկային վճարումները։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետական բյուջե կատարել է 40 մլրդ 594 մլն դրամի հարկային վճարումներ։ Նշենք, որ ընկերությունը անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս գլխավորել է ցանկի առաջին հորիզոնականը, բայց անցած տարվա երրորդ եռամսյակի համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում զգալի ավելացրել է հարկերը, անցած տարվա երրորդ եռամսյակում վճարել է 32 մլրդ 797 մլն դրամ։
Հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում տեղավորվել է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ տոբակո» ընկերությունը, որն այս տարվա հունվար-սեպտեմբերին զգալի ավելացրել է հարկային վճարումները։ Ընկերությունը պետական բյուջե վճարել Է 40 մլրդ 277 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 մլրդ 695 մլն դրամի դիմաց (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 3-րդ տեղը)։ Ըստ մասնագետների՝ ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է։
Կարդացեք նաև
Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 33 մլրդ 623 մլն դրամի հարկային վճարումներ։ Ընկերությունն իր դիրքերը զիջել է. եթե նախկինում այն զբաղեցնում էր ցանկի առաջին հորիզոնականը, ապա այս տարի այն գտնվում է 3-րդ տեղում։ Անցած տարվա երրորդ եռամսյակում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 30 մլրդ 371 մլն դրամ։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում