Հայաստանը խորապես շնորհակալ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ թիվ 296 բանաձևին օգտին իրենց վճռական և տպավորիչ քվեի համար, ինչը վկայում է ճշմարտության, արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:
Այս բանաձևը կարևոր ներդրում է միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում նոր ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, որոնք մեր օրերում շարունակում են ցնցել մարդկության գիտակցությունը։ Այն հզոր ուղերձ է ցեղասպանության չարիքի, ժխտման և արդարացման դեմ պայքարում, քանզի ընդգծում է Հայոց ցեղասպանության դասերի արդիականությունը մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների համատեքստում։
Այսօր մենք նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի մյուս բոլոր պետություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նախկինում գործադրած ջանքերի համար:
Կարդացեք նաև
Հայաստանը խորապես հանձնառու է՝ շարունակելու սերտ համագործակցությունը իր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ հետևողականորեն և վճռականորեն կառուցելու ամուր հիմքեր և կարողություններ ցեղասպանությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ