Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարող է մտածել ՀՀ քաղաքացին, երբ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի կրկնապատկել է իր նախարարների ու նրանց տեղակալների աշխատավարձերը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 30,2019 11:31

Պոպուլիզմի չափաբաժին ՀՀ բոլոր իշխանությունների հայտարարությունևերում էլ եղել է։ Մարդկանց մեջ հույսեր արթնացնելու, նրանց ոգեւորելու համար պոպուլիզմը վատ գործիք չէ, բայց պոպուլիզմը չպետք է դառնա քաղաքական գիծ, տեւական գործելաոճ, ինչպես այժմ է։ Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զօրուգիշեր զբաղված են հերթական պոպուլիստական հայտարարությունը մշակելով՝ ի՞նչ ասեն վաղը, որ ժողովուրդը զարմանա, մոռանա երեկվա հայտարարությունների եւ քայլերի մասին ու սպասի նոր հայտարարությունների։ Բայց ժողովուրդը հոգնել է նաեւ անիմաստ պոպուլիզմից։ Եթե իմանայի, որ դա հնարավոր է, Փաշինյանին կառաջարկեի ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու շորեր հագնել եւ մի քանի պտույտ անել Երեւանում՝ շփվել քաղաքացիների հետ, տրոլեյբուս նստել, տաքսի, խոսեցնել մարդկանց։ Հավատացնում եմ՝ նա «հետաքրքիր» տպավորությունների պակաս չի ունենա եւ շատ արագ կհամոզվի, որ ինքն այլեւս այն մարդը չէ, որի կոչով ժողովուրդը հրապարակներ էր լցնում, փողոցներ փակում, դատարանների վրա հարձակվում, որին ծափահարում էր։

Մինչեւ ե՞րբ։ Սա է այսօր ամենաակտուալ հարցը, թեեւ նորմալ հասարակություններին սովորաբար հուզում է այլ հարց՝ ի՞նչ է լինելու հետո։ Ըստ երեւույթին, մեր քաղաքացիներն արդեն համոզվել են, որ ինչ էլ լինի, սրանից ավելի վատ չի կարող լինել։

Ի՞նչ կարող է մտածել ՀՀ քաղաքացին, երբ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի կրկնապատկել է իր նախարարների ու նրանց տեղակալների աշխատավարձերը, պատրաստվում է բարձրացնել նաեւ պատգամավորներինը, իսկ մյուսները՝ զինվորականներ, բուժաշխատողներ, ուսուցիչներ, թոշակառուներ, կա՛մ ստիպված են համբերել եւ կա՛մ բավարարվել այն չնչին թերմացքով, որ նրանց երեսին են շպրտում՝ որպես աշխատավարձի եւ թոշակի «բարձրացում»։ Ստացվում է, որ Փաշինյանն իսկապես կախարդական փայտիկ ունի, որ գործում է բացառապես յուրայինների պարագայում։

Մեր իշխանությունների հետհեղափոխական յուրաքանչյուր հայտարարություն կամ քայլ Փաշինյանից վանում է հասարակության որոշակի խավերի, ուժերի։ Իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սազանդարները, սակայն, Փաշինյանի ականջը լցնում են ախմախություններով, թե նրա ռեյտինգը չի ընկել, թե նա կհաղթի ընտրություններում, եթե դրանք տեղի ունենան հենց վաղը։ Բացի այն, որ 1.5 միլիոն աշխատավարձ ստացող նախարարները Փաշինյանից ծածուկ են պահում հասարակական հարցումների իրական արդյունքները, այլեւ նրան ներշնչում են, թե ամեն ինչ այնքան լավ է, որ կարելի է նույնիսկ ապուշություններ անել, օրինակ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները բիրիքով հանել բուհական ուսուցումից, ընտանիք կազմած կնոջ եւ ամուսնու միջեւ երրորդ անձ ներդնել, հարկատուների փողերը մսխել, թանկ վոյաժներ անել, ՀՀ երկուսուկես միլիոն պողոսներին հերթով բերման ենթարկել, ձերբակալել, կալանավորել ու բաց թողնել… Հետո՞։ Հետո այն, որ նմանատիպ ամեն ապուշությունից հետո ոչ թե իրենց, այլ վարչապետի ռեյտինգն է ընկնում։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031