Լրահոս
Օրվա լրահոսը

Այս բանաձեւը համատեղ ջանքերի արդյունքն է թե՛ Սփյուռքի եւ թե՛ իրավապաշտպան կազմակերպությունների. Ադամ Շիֆ՝ հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակ

Հոկտեմբեր 30,2019 08:54

«Ամերիկայի ձայնի» հարցազրույցը Ադամ Շիֆի՝ հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակի հետ: 

Սկսենք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից, որի համահեղինակն եք դուք: Ո՞րն է այս բանաձեւի էությունը եւ որքա՞ն հավանական է դրա ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից:

Ես ներկայացրեցի Ցեղասպանության փաստը ճանաչող այս բանաձևը, սակայն, նաեւ նախկինում, Կոնգրես ընտրվելուց ի վեր, ես ներկայացրել եւ համահեղինակել եմ նմանատիպ մի շարք բանաձեւեր: Չափազանց կարեւոր է, որ այս հարցը վերջապես քվեարկության կդրվի պալատում:

Այս բանաձեւը համատեղ ջանքերի արդյունքն է թե՛ Սփյուռքի եւ թե՛ իրավապաշտպան կազմակերպությունների: Շատ կարեւոր է, որ պալատի բոլոր թեւերում գտնվող իմ գործընկերներն աշխատել են տեւական ժամանակ այս բանաձեւի ընդունման ուղղությամբ:

Այս բանաձեւի ընդունումը Միացյալ Նահանգներին ճիշտ ուղղու վրա կդնի`հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին եւ խրախուսելով ցեղասպանության փաստերի վերաբերյալ տեղեկացվածության աճը: Այս արժեքներն այսօր արդիական են մարդու իրավունքների պայքարի ոլորտում:

Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր բարոյական պարտավորություն է, որ Միացյալ Նահանգները հստակ և անկեղծ խոսի 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի կանխամտածված ոչնչացման մասին: Այսպիսով, սա թույլ կտա Միացյալ Նահանգներին վերահաստատել նախկինում ընդունած դիրքորոշումը:

Մեզ չի հաջողվել դա անել Ներկայացուցիչների պալատում 1980-ականների կեսերից ի վեր: Այնպես որ, վաղուց էր սա անելու ժամանակը: Եվ ես հույս ունեմ, որ այս բանաձևի ընդունմամբ կլուծվի յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը, իսկ մեր քաղաքացիներին հնարավորություն կտրվի ավելի լայն տեղեկանալու պատմության այդ սեւ էջի փաստերի վերաբերյալ:

Նախկինում ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը օրենսդիրների կողմից կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիայի հետ հարաբերություններում, հաշվի առնելով, որ Թուրքիայի կառավարությունն ակտիվորեն դրա դեմ է հանդես գալիս: Դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք:

Տեսեք, մենք արդեն իսկ հսկայական դժվարություններ ունենք Թուրքիայի հետ: Սիրիայում թուրքական ներխուժումն աղետ էր, որի արդյունքում ավելի քան 100,000 քրդեր տեղահանվեցին: Նախնական տվյալներով, դրա ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարվել: Արդյունքում, ռուսական ուժերը ռեժիմի ուժերի հետ միասին գրավեցին Սիրիայի ամբողջ տարածքը, մարդկանց տները և ունեցվածքը:

Դա նշանակում է, որ աշխարհում Ամերիկայի դիրքերին իսկապես լուրջ հարված է հասցվել: Մենք դավաճանել ենք կարևոր դաշնակցին՝ քրդերին: Քրդերը կռվել են մեր կողմից: Նրանք զոհվել են մեր կողքին պատերազմելիս, որպեսզի հաղթեն Դաեշին: Նրանք Դաեշի դեմ պայքարող առավել արդյունավետ մարտիկներից էին: Եվ նրանց մեջքով շրջվելը կարծում եմ, ամոթ էր:

Այնպես որ, կարծում եմ, որ Թուրքիայի բոլոր գործողությունները սոսկ կործանարար բնույթ էին կրում, երբ խոսքը վերաբերում է Սիրիայի ներխուժմանը: Դա կարող է նաեւ Դաեշին վերակազմակերպվելու հնարավորություն տալ, որն աղետ կլինի Ամերիկայի, ինչպես նաև ողջ աշխարհի համար:

Կարծում եմ, Կոնգրեսում մարդիկ հոգնել են Թուրքիայի պահվածքից, Ռուսաստանի և Իրանի հետ դրա գործարքներից, և ընդհանրապես դրա գործողություններից, որոնք, անշուշտ, Միացյալ Նահանգների շահերից չեն բխում:

Ուստի, կարծում եմ, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Թուրքիայի կառավարությունը դեմ է արտահայտվել այդ բանաձևին, և Կոնգրեսի անդամները պատրաստ են եղել թուրքական ջրաղացին ջուր լցնել, որը, համոզված եմ, սխալ է եղել, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության նման բարոյական խնդրի հարցի լրջությունը, կարծում եմ, որ թուրքական լոբբին այս անգամ քիչ ընկերներ կգտնի, երբ պալատում քվեարկության դրվի բանաձեւը:

Մեր օրերի Հայաստանի վերաբերյալ մեկ հարց: Ավելի քան մեկ ու կես տարի է անցել «Թավշյա հեղափոխությունից»: Դուք այդ ընթացքում հետեւում էիք զարգացումներին, հայտարարություններ անում, իսկ վերջերս հանդիպել եք Հայաստանի վարչապետին, մասնակցել ցույցի Կալիֆոռնիայում: Որո՞նք են հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները եւ ինչպիսին է ձեր տպավորությունը Հայաստանի վարչապետից:

Ես շատ տպավորված էի վարչապետից: Տեղյակ եմ, որ Հայաստանում հուզիչ ժամանակներ են, թե Հայաստանի և Սփյուռքի եւ թե այստեղի Հայաստանի բարեկամների համար, քանի որ այս նոր կառավարության վերաբերյալ այնքան լավատեսություն կա, որը կարծես թե գերազանցում է բոլոր սահմանները:

Ես բարձր եմ գնահատում այն, թե ինչպես է վարչապետը կառավարության կազմում տեխնոկրատների ներառելով, փորձում է լուծել երկրի առջեւ կանգնած մարտահրավերները, օրենքի գերակայություն հաստատել, արմատախիլ անել կոռուպցիան:

Եվ սա հիանալի հնարավորություն է, որպեսզի Միացյալ Նահանգները իսկապես որակական նոր մակարդակի վրա բարձրացնի հարաբերությունները Հայաստանի հետ, ավելի մեծ աջակցություն ցուցաբերի ոչ միայն քաղաքական, այլև արտաքին օգնության միջոցով:

Ուստի, կարծում եմ, որ սա հիանալի նոր հնարավորություն է, որն օգտագործելով մենք պետք է իսկապես ամրապնդենք հարաբերությունները:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031