«Ամերիկայի ձայն». Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:
Ճանաչման հետ մեկտեղ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:
Բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, որոնցից 226-ը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, 178-ը՝ հանրապետականներ են, մեկը`՝ անկախ օրենսդիր: Դեմ են արտահայտվել հանրապետական 11 կոնգրեսականներ: Բանաձևը Ներկայացուցիչների պալատի օրակարգ են ներկայացրել դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական Գաս Բիլիրակիսը:
Քվեարկությունից առաջ Ներկայացուցիչների պալատում ընթացավ երկու մասից բաղկացած քննարկում: Ելույթներով հանդես եկան մի քանի տասնյակ կոնգրեսականներ: Բանաձևի համահեղինակ են 137 օրենսդիր` երկու կուսակցություններից:
Կարդացեք նաև
Վերջիններիս ելույթներն աչքի ընկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի աջակցությամբ, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հիշողությունների մեջբերմամբ, վերջերս Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ գործողությունների կոշտ քննադատությամբ ու 1915 թվականի և մերօրյա զարգացումների միջև զուգահեռների անցկացմամբ:
Բանաձևի համահեղինակ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն իր հուզիչ ելույթում ընդգծեց, որ երբեէ ուշ չէ ճանաչել Ցեղասպանությունը, սակայն այսօր այս քայլը էլ ավելի արդիական է`՝ կապված Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ: Կոնգրեսականը ընդգծում է` Հայոց ցեղասպանության փաստը որևէ կասկած չի հարուցում:
«Մենք չենք կարող ընտրել, թե մարդկության դեմ կատարած որ ոճրի ճանաչումը սատարենք, իսկ որը՝ ոչ: Մենք չենք կարող լռեցվել օտար տերության կողմից, սակայն այն, ինչ կարող ենք անել և պարտավոր ենք, փաստելն է, որ Օսմանյան կայսրությունը իրականացրել է այս սարսափելի հանցանքը հայերի դեմ: Սակայն նրանց արշավը տապալվել է: «Երբեք այլևս» կոչի հետ մեկտեղ այսօր կարող ենք ասել «Երբեք այլևս չենք լռելու»,- հայտարարեց կոնգրեսական Շիֆը:
Մեծամասնության ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Սթենի Հոյերն իր ելույթում ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան չի հետևել Գերմանիայի օրինակին և չի ճանաչել Ցեղասպանությունը:
«Սա հակաթուրքական բանաձև չէ: Սա պատմական իրադարձության մասին բանաձև է, որը եթե չճանաչվի, ապա նման ոճիրները կարող են կրկնվել»,- նշել է Սթենի Հոյերը:
Ի աջակցություն բանաձևի հանդես է եկել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով երախտագիտություն հայտնեց այս օրինագծի առաջադրման համար՝ ընդգծելով, դրա կարևորությունը:
«Ինչպես գրում էին այդ օրերի միջազգային դիտորդները, դա ռասայական բնաջնջման ոճիր էր, որը մենք որպես ազատատենչ ժողովուրդ, բարոյապես պարտավոր ենք ճանաչել» ,- նշել է խոսնակը:
Ելույթ ունեցող կոնգրեսականների թվում էին նաեւ հայկական արմատներ ունեցող կոնգրեսականներ Աննա Էշուն ու Ջեքի Սփիըրը, Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ու բազմաթիվ այլ կոնգրեսականներ: Բացառությամբ մեկ ելույթից, բանաձևի վերաբերյալ բոլոր ելույթները կարևորում էին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը ԱՄՆ կողմից:
Նույն օրը Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց մեկ այլ օրինագիծ, որով հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողություններ ծավալելու համար:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ