Լրահոս
Օրվա լրահոսը

Նման հանդիպումները պետք է բացառել

Հոկտեմբեր 30,2019 10:00

Վերջին օրերին հաճախ է շրջանառվում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի անունը: Պարզ է, որ նրա քաղաքական հակառակորդներն ու վերջիններիս համակրող լրատվամիջոցներն ու «ստատուսագիրները» ընդդիմանում են նրա քայլերին եւ հայտարարություններին, բնական է նաեւ (թեեւ ոչ խրախուսելի), որ այդ հակադարձումները հաճախ կրում են անձնավորված բնույթ: Չեմ պատրաստվում քննարկել դրանք, եւ հակառակը՝ չեմ կարող հարգանք չտածել նախկին գործընկերոջս հանդեպ, որը «զրոյից» լրատվամիջոց է կայացրել եւ դարձրել է այն Հայաստանի առաջատար մեդիաներից մեկը:

Բայց հիմա Արմանը քաղաքական գործիչ է, եւ նրա բոլոր քայլերն ու հայտարարությունները, բնականաբար, հետապնդում են որոշակի քաղաքական շահեր, ուղղված են որոշակի քաղաքական թիմի օգտին եւ մեկ այլ քաղաքական թիմի դեմ: Դա նորմալ է եւ, իհարկե, կարող է ոմանց դուր գալ կամ դուր չգալ:

Ինչպես միշտ, այս պարագայում նույնպես, ինձ հետաքրքրում են ոչ թե անձնական կամ անգամ զուտ քաղաքական դրսեւորումները, այլ, ինչպես ընդունված է ասել՝ ինստիտուցիոնալ (պետական) լուծումները:

Քաղաքական գործիչը հանդիպում է ահաբեկչության համար դատապարտված անձի հետ՝ ահաբեկչության, որի բոլոր հանգամանքները հասարակության համար դեռեւս պարզ չեն: Չգիտեմ, արդյոք դա ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, բայց ինձ թվում է՝ նման հանդիպումներն ընդհանրապես ցանկալի չեն:

1/ Քաղաքական գործիչը կարող է խնդրել կամ դրդել ահաբեկչին տալ անուններ կամ ներկայացնել հանգամանքներ, որոնք կբխեն իր՝ գործչի քաղաքական շահերից:

2/ Եթե նույնիսկ նման խնդրանք կամ դրդում չլինի, ահաբեկիչն ինքը՝ իր նախաձեռնությամբ, կարող է անուններ տալ կամ հանգամանքներ ներկայացնել, որոնք, իր՝ ահաբեկչի կարծիքով, «համահունչ են» ներկա քաղաքական իրավիճակին:

(Վերը նշված երկու դեպքերում էլ բոլորովին չի բացառվում, որ հանցագործի ասածները կարող են կատարյալ սուտ լինել):

3/ Եթե անգամ այդ երկուսն էլ չկա, ապա, միեւնույն է, ինքը՝ հանդիպման փաստը, կարող է ենթադրությունների եւ քաղաքական շահարկումների առիթ դառնալ, եւ եթե անգամ ահաբեկիչը երբեւէ որեւէ ցուցմունք տա, դա կդիտարկվի ինչ-որ քաղաքական պայմանավորվածությունների տեսանկյունից:

Հետեւաբար, նման հանդիպումներն, իմ կարծիքով, պետք է բացառել: Նման հանցագործը կարող է հանդիպումներ ունենալ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ (եթե ասելու բան ունի), իր փաստաբանների հետ (եթե նրանց կարիքն ունի), ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի եւ իրավապաշտպանների հետ (եւ այդ դեպքում թեման կարող է լինել բացառապես իր՝ հանցագործի բանտային պայմանների քննարկումը):

Եթե քաղաքական գործիչը հանդիպում է ազատազրկված ահաբեկչի հետ, ապա անխուսափելի են հարցերը՝ ինչու է հանդիպել, ով է նրան ուղարկել, ինչ է նրա ուզածը: Նման հարցերի քննարկումը, կարծում եմ, պետությանն օգուտ չի բերում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Պ.Աբրահամեան-Ձեր նշած բոլոր կէտերուն լիուլի համաձայն եմ. Այս պարագային օրէնքն է որ թերութիւն մը ունի -կամ նոյնիսկ գոյութիւն չունի և ամէն անձ կրնայ ինքնագլուխ գործեր տեսնել-առանց մտածելու հետեւանքներուն վրայ ՞ .

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031