Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սե՞ռն է որոշում մասնագիտությունը

Հոկտեմբեր 30,2019 12:30

Մասնագիտություն ընտրելիս մարդիկ առաջնորդվում են տարբեր պահանջներով։ Ընտրության ժամանակ առաջնային տեղ պետք է զբաղեցնեն անձի արժեքային համակարգը, նախասիրություններն ու պահանջմունքները։ Սակայն գաղտնիք չէ, որ հայ հասարակության շրջանում կարծրատիպերը  մեծ դեր  եւ նշանակություն ունեն։ Հենց դրանք են, որ շատերին մասնագիտական ընտրություն կատարելիս թույլ չեն տալիս ընտրել իրենց իսկ նախընտրածը։

Գենդերային կարծրատիպեր, երբ սեռն ավելիին է ընդունակ, քան  պարզապես մարդկային ցանկությունը։  Հասարակության լայն շրջաններ դեռ այն կարծիքին են, որ կան մասնագիտություններ, որ միայն  տղամարդկանց համար են, եւ հակառակը՝ միայն կանանց։ Այս գաղափարների կրողներն են, որ սահմանափակում են իրենց երեխաների կամ հարազատների ազատ ընտրելու կարողությունն ու պարտադրում ոչ ցանկալին։

Մասնագիտական ընտրությունը կարեւոր է այնքանով, որ այն օրերից մի օր դառնալու է կենսակերպ։ Իսկ չսիրված աշխատանքն, անշուշտ, բացասական հետք կթողնի նաեւ կյանքի որակի վրա։

Մեր հերոսը՝ Լիլիթը (անունը փոխված է), մանկուց երազել է դիպուկահար դառնալ։ Բայց ընտանիքի անդամները կտրականապես դեմ են եղել նրա որոշմանը: «Հայրս ասում էր, որ դիպուկահարը տղամարդու մասնագիտություն է։ Դրա փոխարեն առաջարկում էր  ուսուցչուհու, բժշկուհու կամ այլ «կանացի» մասնագիտություն ընտրել։ Ի՞նչ պետք է մտածեին շրջապատում (ժպտում է)»,- ասաց նա։

Լիլիթն այժմ մանկավարժություն է սովորում  եւ իր խոսքով՝ փորձում է հարմարվել պարտադրված ընտրությանը։

Հակառակ պատկերն է, սակայն, Կարինեի մոտ. աղջիկը որոշել էր ոստիկան դառնալ եւ այժմ իր նպատակին տանող ճանապարհին է:

«Ծնողներս եւ եղբայրս դեմ էին։ Հասարակություն, բամբասանքներ եւ որ ամենաանհասկանալին էր ինձ համար, սեռով չափորոշված մասնագիտություններ։ Որոշեցի պայքարել, դիմել ակադեմիա եւ սովորել»,- ասաց նա։

Կարինեն պատմեց, որ սկզբում դժվար էր հատկապես եղբոր հետ հարաբերությունները վերականգնել, սակայն այժմ հարազատները համակերպվել են եւ եթե ոչ ուրախությամբ, գոնե հարգանքով են ընդունում իր  ընտրությունը։

ԵՊՀ-ում  «գենդեր եւ լրագրություն» առարկայի դասախոս Աննա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում դեռ կա արմատացած մտածելակերպ, թե գոյություն ունեն կանացի եւ տղամարդկային մասնագիտություններ:

«Դա պայմանավորված է 2 գործոնով։ Առաջինը ուժի գործոնն է, ըստ որի՝ կանայք չեն կարող ունենալ ուժ պահանջող մասնագիտություններ, ինչպես օրինակ՝ շինարար, փրկարար եւ այլն։ Իսկ մյուս գործոնը ֆինանսականն է, այսինքն՝ այն մասնագիտությունները, որոնք ավելի շատ են վարձատրվում, դրանք տղամարդկանց համար են։ Մեր ընտանիքներում ընդունված է, որ տղամարդը պետք է լինի ֆինանսական հենասյունը»,-ասաց Աննան։

Հենց 2-րդ գործոնով պայմանավորված էլ այսօր տնօրենները, բիզնես ոլորտում ղեկավարները, ապահովագրական ոլորտի ներկայացուցիչները, քաղաքականությամբ զբաղվողները հիմնականում տղամարդիկ են, իսկ, օրինակ, ուսուցիչները, որ ավելի քիչ են վարձատրվում, գրեթե բոլորը կանայք են։

Աննան նշեց, որ եթե համեմատենք այժմյան աշխատաշուկան  մի քանի տարի առաջ ունեցած տվյալների հետ, հիմա կարող ենք  ասել, որ դրական տեղաշարժեր կան.

«IT ոլորտում կամ բանկային ոլորտում այժմ կարող ենք շատ կանանց տեսնել։ Կին ձեռներեցների բազմաթիվ ծրագրեր կան, որոնց շնորհիվ նաեւ մարզերում կանայք ավելի շատ են ընդգրկվում աշխատաշուկայում  ոչ թե միայն որպես գործավարներ, այլ նաեւ իբրեւ նախաձեռնողներ եւ սեփական բիզնեսը հիմնադրողներ»,-ասաց դասախոսը։

Մասնագիտության ընտրությունը պետք է կատարել առավելագույնս մտածված եւ ինքնուրույն։ Իսկ եթե մի օր սխալվել եք, հիշեք, որ երբեք ուշ չէ սիրելի մասնագիտությունը սովորելու համար. ամենակարեւորը՝ ձգտում եւ նպատակ ունենալն է։

Սյուզի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031