Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը փակվեց. հայտնի են մրցանակակիրները

Հոկտեմբեր 30,2019 14:00

Սույն թվականի հոկտեմբերի 22-25-ը Երեւանում տեղի ունեցավ «Արեւորդի բնության եւ մշակույթի պահպանման» ՀԿ-ի եւ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ» (FPWC) կողմից իրականացվող Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, ինչը եւս մեկ անգամ փաստեց, որ աշխարհում եւ Հայաստանում առաջնային են բնապահպանական խնդիրները, որոնք ունեն արդյունավետ լուծումների կարիք։ Այս տեսանկյունից կարեւոր է հանրության շրջանում բարձրացնել բնապահպանական խնդիրների նկատմամբ ուշադրությունը եւ վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը, ինչն էլ իրականացվել է Փառատոնի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների շրջանակներում։

Փառատոնի չորս օրերի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի, իրականացվող միջոցառումների արդյունքում առավել մեծ ուշադրության արժանացան պատանիներն ու երիտասարդ սերունդը՝ իրենց մեջ կրելով գիտելիքներն ու բնության նկատմամբ հոգատարությունը, որը փոխանցվել է այս ընթացքում։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ եւ հայտնի դարձան հայտարարված երկու մրցույթների հաղթողները։ Լավագույն լրագրողական աշխատանք (Best Journalistic Report) անվանակարգում ժյուրիի ընտրությամբ հաղթող ճանաչվեց Քրիստինե Աղալարյանի կողմից ներկայացված «Հայկական ոսկու գինը» աշխատանքը (Հետք), իսկ  Լավագույն բնապահպանական ֆիլմ անվանակարգում ժյուրիի ընտրությունը կանգ առավ «Աշուն. Գույների աշխարհ» ֆիլմի վրա, հեղինակ՝ Անետ Շյուրիխ։ Հանձնվեց նաեւ հատուկ մրցանակ Կանադայից ներկայացված Մեթյու Րիթսի հեղինակած «Անոտե» տապանըե ֆիլմին: Վայրի բնության  անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց «Ծննդոց 2.0» ֆիլմին, հեղինակ՝ Քրիսթիան Ֆրեյ, Շվեյցարիա, իսկ հատուկ մրցանակի արժանացավ Դենիել Սթայլզի «Գողացված կապիկները» ֆիլմը: Հաղթողներին հանձվեցին վկայականներ եւ հատուկ մրցանակ, պատրաստված վարպետ Սարգիս Բաղդասարյանի կողմից։

Ժյուրիի անդամները միաձայն նշեցին, որ կատարել են բարդ ընտրություն, քանի որ թե՛ լրագրողական, թե՛ ֆիլմերի մրցույթներում ներկայացված աշխատանքներում բազմաթիվ արժանի աշխատանքներ կային:

Փակման արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Եվրամիության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Քրիստոֆեր Էլիսը, Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն, Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիլյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  ղեկավար Աշոտ Բլեյանը, ինչպես նաեւ ոլորտի այլ ներկայացուցիչներ եւ պատվավոր հյուրեր։

Եվրամիության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանն ընդգծել է. «Մենք գտնում ենք, որ մշակութային միջոցառումները հիանալի գործիքներ են հանդիսանում ներգրավելու համար հասարակության տարբեր շերտերի եւ տարիքային խմբերի՝ քննարկելու համար ռազմավարական հարցեր, ինչպիսին են՝ շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությունը, եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավորություն ունի խթանելու բնապահպանության գաղափարների տարածումը՝ նվազեցնելով թեկուզ մեր ընտանիքների թողած ազդեցությունը»։

Փառատոնի առանցքում գտնվող կովկասյան հովազի խորհրդանիշը առկա էր նաեւ փակման արարողությանը։ Կովկասյան կենսաբազմազանության տարածքում նկարահանված կովկասյան հովազի ցուցադրվող կադրերը տպավորեցին Փառատոնի հյուրերին, որոնց թվում մեծ մաս են կազմել կրկին պատանիներն ու երիտասարդները։

Արեւորդի միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում կարեւորեց, որ փառատոնը հանդիսանում է  կարեւորագույն խնդիրների մասին քննարկումների հարթակ: «2005թ.-ին, երբ առաջացավ նման փառատոն ստեղծելու գաղափարը, մեր թիմն ուժ ու եռանդ չխնայեց գաղափարն իրականության կոչելու գործում. սկզբնական շրջանում տարածաշրջանային Արեւորդի փառատոնն այժմ միջազգային է, ունի լայն լսարան եւ ծառայում է իր ստեղծման նպատակին, իսկ հաջորդ տարի մենք կնշենք մեր երազանքի իրականացման 10-ամյակը»:

Վերջինս նաեւ հայտարարեց, որ  2020թ.-ին Արեւորդի 10-րդ հոբելյանական միջազգային բնապահպանական փառատոնին կհայտարարվի կենսաբազմազանության ուսումնասիրության եւ բնապահպանության ոլորտներում մեծ ներդրում ունեցող անձանց համար նախատեսված երկու մրցանակի մասին, որոնք շնորհվելու են հաջորդ տարվա փառատոնին.

-Էլեոնորա Գաբրիելյանի անվան բուսաբանական մրցանակ

-Բնության պահպանության մրցանակ

Արարողությանը ներկա էր նաեւ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը, որը խորը երախտագիտություն հայտնեց արժանացված ուշադրության համար եւ բարձր գնահատեց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող աշխատանքները:

«Առավոտ» օրաթերթ
29.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031