Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երվանդ Քոչարի բանտային կյանքը նույնպես հիշվել էր

Հոկտեմբեր 30,2019 13:30

«Մի հսկիչի մասին պատմում էր, թե՝ «լավ մարդ էր, իբր ուժեղ էր հարվածում, իրականում կամաց էր խփում»

Հոկտեմբերի 24-ին նախկին «Ինտուրիստ» հյուրանոցում, ներկայիս՝ «Գրանդ հոթել Երեւանում» քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի սենյակի անվանակոչությունից հետո ներկայացվեց նաեւ «Մաէստրո Քոչարը. հուշերի անդրադարձում» գիրքը:

Գրքի համահեղինակ Լալա Քոչարի (համահեղինակներից է բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանը) կողքին էին իրենց հիշողությունները պահպանած, կիսած, սակավ մտավորականներն ու նրանց ժառանգները:

Քչերը գիտեն, որ 23.06.1941-23.10.1943-ին Երվանդ Քոչարը հակասովետական պրոպագանդայի մեղադրանքով ձերբակալվել է, ազատազրկվել: Նա ազատ է արձակվել միայն Ներսիսյան դպրոցի իր ընկերների՝ Կարո Հալաբյանի եւ Անաստաս Միկոյանի միջնորդության շնորհիվ:

Գրքի հինգ տասնյակից ավելի հուշագիրների՝ Քոչարի բանտային տարիների մասին կարող ենք գտնել ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի, նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Այվազյանի, քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի, լրագրող Վլադիմիր Շահնազարյանի, միկրոէլեկտրոնիկ Ռոբերտ Դաշտոյանի, որի հայրիկի հետ է նստել Քոչարը, եւ որդու՝ Հայկազ Քոչարի հուշերում:

«Ծեծել են: Հիվանդանոց է ընկել, ողնաշարը խախտվել, ճաքել էր, ականջաթաղանթը պայթել: Լավ չէր լսում: Մի հսկիչի մասին պատմում էր, թե՝ «լավ մարդ էր, իբր ուժեղ էր հարվածում, իրականում կամաց էր խփում»,-կարդում ենք որդու՝ Հայկազ Քոչարի հուշերում:

Վերջինը պատմել էր. «Ֆրանսիական լրտես», «անգլիական». չէր էլ հասկանում, թե ինչումն են իրեն մեղադրում: Բայց թե ինչ-որ բան եղել էր…» ու ապա՝ «Բանտախուց երկու ադրբեջանցու գցեցին: Հետո մեկին տարան հարցաքննության: Հուշանգ էր անունը, առավոտյան կողմ ջարդուխուրդ բերեցին, հարցնում էր՝ ինչ բան է շպիոնը…»:

«Քոչարի բանտարկվելուց ժամանակ անց հորաքույրս՝ Ժենյան գնում է Մոսկվա: Հալաբյանն այդ ժամանակ Մոսկվայի գլխավոր ճարտարապետն էր եւ կազմակերպում է նրա ու Միկոյանի հանդիպումը: Միկոյանը նույնպես Քոչարի դպրոցական ընկերն էր: Քոչարը պատմում էր. «Հեռագիր էր եկել Մոսկվայից՝ գործը վերանայել: Կանչեցին, ասացին՝ ս վեշամի, նստեցրին բեռնատարը ու բերեցին տուն, ասացին՝ իջիր: Չէի իջնում, վախենում էի, ոտքով հրեցին փողոց: Ամեն ինչ պրծավ էսպես», -իր հիշողություններում գրել էր Քոչարի որդին:

Է. Իսաբեկյանը հիշում է. «1939թ. մինչեւ «նստելը» մեր էպոսի 100-ամյակի տոնակատարության օրերին հասցրեց մի հրաշալի արձանախումբ ստեղծել, դա «Դավթի» գիպսե տարբերակն էր»:

Վլադիմիր Այվազյանը հիշում է, թե ինչպես են ԿԳԲ-ի զոհին, որին բանտարկել են, անողոքաբար տանջել ու հաշմել, իրենք իսկ պատվիրել էին իրենց գլխավորի քանդակը՝ Ֆ. Ձերժինսկու: Ի դեպ, ըստ գրքի հեղինակների. «Քոչարի կետած Ֆ.Ձերժինսկու կիսանդրու բոլոր երեք օրինակները ոչնչացվեցին 1988թ. վայ-հայրենասերների կողմից»:

Ղուկաս Չուբարյանը նկարագրում է, թե ինչպես է Քոչարը դուրս եկել բանտից. «Նոր էր դուրս եկել բանտից, ձերբակալվել էր զրպարտագրերի հիման վրա: Համեմատաբար քիչ եղավ նրա կալանքը, թեեւ բոլոր հիմքերը կային, որ նա դառնար ՊԱԿ-ի մեկուսարանի կամ մյուս «հանգստավայրերի» շատ ավելի երկարաժամկետ կամ մշտական բնակիչը: Ասում եմ բոլոր հիմքերը կային, որովհետեւ Քոչարը լիակատար ազատ մարդ էր…»:

Լրագրող Վլ. Շահնազարյանը պատմել էր, որ Քոչարի տուն է գնացել Մինասի հետ. «Նա խոսում էր մեղմ, անշտապ, անփոփոխ ժպիտով: Միայն մի անգամ նրա դեմքի վրայով թեթեւ ստվեր անցավ: Ահա թե ինչ պատմեց նա. «Նստած էի Երեւանի բանտում: Խուցը լիքն էր կալանավորներով: Բացատրելու կարիք չկա, թե ինչ ասել է բանտ, եւ ինչ ասել է կալանավոր…Ուշադրությունս գրավեց մի բանտարկյալ, որ նստել էր անկյունում եւ չէր խառնվում խոսակցություններին: Հասարակ մի քուրդ էր, հավանաբար՝ հովիվ: Անմասնակից ամեն ինչին՝ նա ինքնամոռաց, իր հնամաշ շապիկին կոճակներ էր կարում: Կոճակները շատ էին: Եվ որտեղից էր ճարել այդքանը: Տարբեր գույնի էին, եւ շապիկի վրա զարմանալի բազմերանգ զարդանախշ էր ստացվել: Ես մտածեցի՝ նույնիսկ դժոխքում մարդը չի կարող ապրել առանց գեղեցկության…»:

Հայկազ Քոչարը հոր մասին մեկ այլ դրվագ էլ էր նկարագրել. «Բանտախցում թաշկինակը թրջեցի, ձգեցի փայտերի վրա. կալոշը վառեցի, շաքարաջրով խառնեցի՝ դարձավ ներկ, զբոսանքի ժամին կատվի պոչից մազ էինք պոկել, դա էլ վրձինն էր: Նկարի համար հետո կարցեր տարան եւ ինձ, եւ ում նկարել էի»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031