Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Անցյալում Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Համաշխարհային դատարան ներկայացրած պաշտոնական փաստաթղթում Հայոց ցեղասպանությունն առաջին անգամ ճանաչվել է որպես ցեղասպանության օրինակ: Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձև է ընդունել 1975 և 1984 թվականներին։ Բացի այդ, նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել 1981 թ․ ապրիլի 22-ին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի վերջին վարչակազմերը բազմիցս փորձեր են ձեռնարկել արգելափակելու Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից, և հաջորդող ամերիկացի նախագահները խուսափել են օգտագործել ցեղասպանություն եզրույթը իրենց ապրիլքսանչորսյան ոգեկոչման հայտարարություններում:
Կարդացեք նաև
Օրինակ՝ Ռեյգանի վարչակազմը, նախագահ Ռեյգանի կողմից 1981 թ․ նախագահական հռչակագրի հրապարակումից հետո, դեմ արտահայտվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կոնգրեսի բանաձևերին:
Ջորջ Հ․ Ու․ Բուշի վարչակազմը դեմ արտահայտվեց Սենատի մեծամասնության առաջնորդ Բոբ Դոլի՝ 1990-ին ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանն ուղղված ջանքերին:
Քլինթոնի վարչակազմը 2000 թ․ արգելափակեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ Ներկայացուցիչների պալատի կողմից դրա վերաբերյալ քվեարկությունից րոպեներ առաջ։
Ջորջ Ու․ Բուշի վարչակազմը 2007-ին դեմ արտահայտվեց Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը։
2010-ին Օբամայի վարչակազմը դեմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության բանաձևին՝ թույլ չտալով, որ այն հասնի պալատի ընդհանուր քվեարկությանը:
Պետդեպարտամենտի գաղտնազերծված «Գաղտնի» փաստաթուղթը, թվագրված 2000 թ․ հոկտեմբերի 2-ին, բացահայտում է, որ 2000 թ․ ԱՄՆ կառավարությունն արգելափակել է Ներկայացուցիչների տան թիվ 596 բանաձևի ընդունումը, երբ երկրի նախագահը Բիլ Քլինտոնն էր, իսկ պետքարտուղարը՝ Մադլեն Օլբրայթը։ 2000 թ․ հոկտեմբերի 3-ին թիվ 596 բանաձևը հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից 24 կողմ, 11 դեմ և 2 ներկա ձայների հարաբերակցությամբ։
«Գաղտնի» փաստաթուղթը պարունակում է երկու նամակ՝ առաջինը պետքարտուղար Օլբրայթի կողմից ուղղված Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին և Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Իփեքչիին․ երկրորդը՝ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմ Փիքերինգից ուղղված ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի նախագահ Դիք Սոլոմոնին։ Ներածական գրառման մեջ, նախկին Խորհրդային Միության նորանկախ պետությունների գծով պետքարտուղարի հատուկ խորհրդական Սթիվեն Սեստանովիչն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնին, որ Փիքերինգը և Սոլոմոնը «ակնհայտորեն այն գործարքի մի մասն են, որը մենք փորձում ենք իրականացնել՝ կանխելու Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Ես այսօր դրանք քննարկեցի ՎՕ-ի [արտգործնախարար Վարդան Օսկանյան] և Վան Գրիգորյանի [Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ] հետ։ ՎՕ-ն դրականորեն էր տրամադրված, սակայն ասաց, որ չի կարող խոսել ՌՔ-ի [նախագահ Ռոբերտ Քոչարյան] փոխարեն, որը հիվանդության պատճառով արդեն տուն էր գնացել։ ՎՕ-ն վաղը կխոսի նրա հետ և կստանա նրա արձագանքը․․․»։
Պետքարտուղար Օլբրայթը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներին ուղղված իր նամակում ասում է. «ԱՄՆ վարչակազմը կտրականապես դեմ է այս բանաձևին՝ համարելով, որ այն առաջարկում է լիովին հակարդյունավետ մոտեցում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման ու թուրք և հայ ժողովուրդների միջև հաշտեցման խթանման նպատակին։ Ես հուսով եմ, որ մի կողմ կդնենք այս բանաձևը, քանի որ մենք ավելի խոստումնալից հնարավոր մոտեցման ջատագով ենք․․․ Իր ժամանակին կգրեմ որոշ գաղափարների մասին, թե ինչպես կարելի է այս ջանքերը հաջողությամբ պսակել։
Երկրորդ նամակում, պետքարտուղարի տեղակալ Փիքերինգը գրել է Կոնգրեսի կողմից հիմնադրված անկախ կառույցի՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի նախագահ Սոլոմոնին․ «․․․Վերջերս Կոնգրեսը քննարկում էր Ներկայացուցիչների պալատի՝ «Հայոց ցեղասպանության հիշատակի մասին» թիվ 596 բանաձևը։ Ինչպես գիտեք, վարչակազմը դեմ է այս բանաձևին, բայց մենք հաստատ համոզված ենք, որ այս հարցում Ճշմարտության և հաշտեցման գործընթաց է անհրաժեշտ… Պետքարտուղարը խնդրել է ինձ գրել, որպեսզի ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտը սկսի գաղափարներ մշակել Ճշմարտության և հաշտեցման նման գործընթացի համար`նպատակ ունենալով առաջիկայում այն սկսել… Որպես առաջին քայլ, հուսով ենք, որ Դուք կքննարկեք մի խումբ վստահելի և ճանաչված թուրքերի, հայերի և այլոց հրավերի հարցը։ Նրանց թվում պետք է լինեն հասարակական խմբերի ներկայացուցիչներ, մտավորականներ, արխիվագետներ, կառավարության կամ նախկին կառավարության պաշտոնատար անձինք և այլք: Հուսով ենք, որ նախնական հանդիպումը կարող է անցկացվել դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում։ Նախնական պլանավորման այս խումբը կվերլուծի պատմական և քաղաքական համատեքստերը և փոխհամաձայնության կգա հետագա գործունեության շրջանակի և ժամանակացույցի վերաբերյալ, ներառյալ՝ զեկույցի նախապատրաստման համար հանձնաժողովի ստեղծման»։
Պետդեպարտամենտի առաջարկած նախաձեռնությունը վերջապես կյանքի կոչվեց 2001 թվականի հուլիսին, երբ ստեղծվեց «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը» վեց թուրքերի և չորս հայերի մասնակցությամբ, որոնց թվում էին՝ Վան Գրիգորյանը Ամերիկայի հայկական համագումարից, Անդրանիկ Միհրանյանը Մոսկվայից և Հայաստանի արտգործնախարարության երկու պաշտոնատար անձինք:
Հանձնաժողովի ձևավորմանը հաջորդած ամիսներին ես մի քանի խմբագրական գրեցի դրա դեմ, քանի որ պարզ էր, որ Հանձնաժողովը պետդեպարտամենտի կողմից մի խորամանկ քայլ էր՝ արգելափակելու Հայոց ցեղասպանության ճանաչման համար առաջարկված կոնգրեսական բանաձևը։ Նույնիսկ առանց սույն հոդվածում բացահայտված «Գաղտնի» փաստաթղթի իմացության, դիտորդներից շատերը կասկածներ ունեին, որ Հանձնաժողովը ստեղծվել և ֆինանսավորվել էր պետդեպարտամենտի կողմից`Թուրքիայի կառավարության հետ համատեղ` Հայ դատի հետամուտ լինելուն խոչընդոտելու համար:
Դժբախտաբար, որոշ հայկական խմբեր և հայ անհատներ խաբվեցին թուրք-ամերիկյան այս խորամանկ քայլով, որին միամտորեն աջակցում էր նաև Հայաստանի արտգործնախարարությունը։ Բազմաթիվ սփյուռքահայերի կողմից զգալի ջանքեր պահանջվեցին՝ համոզելու Հայաստանի կառավարությանը հրաժարվելու Հանձնաժողովին աջակցելուց։
Հայերը պետք է զգոն լինեն, որպեսզի չընկնեն նրանց թակարդը, որոնք հետապնդում են իրենց սեփական շահերը հայ ժողովրդի հաշվին․․․
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի