Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. «Ստյոպա Սաֆարյանը խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը»

Հոկտեմբեր 29,2019 19:20

«Ծանոթ եմ պարոն Սաֆարյանի գրառմանը եւ ցավով պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ազատությանը, տեղեկատվություն ստանալու մատչելիությանը վերաբերվող գնահատականներում նա խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ թե ի՞նչ գնահատական կտա «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ որոշ լրատվամիջոցների այսօրվա միջոցառումը լուսաբանելու արգելքի մասին:

Պարոն Սաֆարյանը նախօրեին հայտարարել էր, որ «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու այսօրվա իր կազմակերպած միջոցառմանը:

Այսօր «արգելանքի տակ ընկած» լրատվամիջոցների լրագրողներն, այնուամենայնիվ, փորձել են մասնակցել միջոցառմանը, սակայն Սաֆարյանը թույլ չի տվել ներս մտնել՝ համարելով, որ դա իր իրավունքն է:

Տիգրան Հակոբյանի համար Սաֆարյանի այս մոտեցումը տարօրինակ է.«Քանի որ պարոն Սաֆարյանը հանդիսանում է Հանրային խորհրդի անդամ, ղեկավարում է հասարակական կազմակերպություն եւ դիրքավորում է ինքն իրեն որպես ազատական գաղափարներ կրող անձ: Լրատվամիջոցների բնականոն գործունեությունը խոչընդոտելու Սաֆարյանի փորձերին, գնահատական տվել են  խոսքի ազատությունը պաշտպանող եւ լրագրողական կազմակերպությունները: Որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ, ես կառանձնացնեմ հեռարձակողների նկատմամբ պարոն Սաֆարյանի խտրական վերաբերմունքը: Հիշեցնեմ՝ ՄԱՀՀԻ տնօրենին, որ «Երկիր մեդիա» եւ «ԹիՎի 5» հեռուստաընկերությունները լիցենզավորված հեռարձակող կազմակերպություններ են, որոնց անխափան գործունեությունը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, այլ ոչ թե առանձին անձերի եւ կազմակերպությունների ցանկությամբ եւ ընտրությամբ»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս վերաբերմունքը կարելի է դիտարկել ճնշում լրատվամիջոցների նկատմամբ, թե՞ սա պարզապես առանձին գործչի անվստահությունն է առանձին լրատվամիջոցների հանդեպ, Հակոբյանը պատասխանեց. «Լրատվամիջոցների նկատմամբ խտրական քաղաքականություն վարելը, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, ոչ իրավական լուծումներին դիմելն արդեն ճնշում է: Անշուշտ, պարոն Սաֆարյանի իրավունքն է իրավացիորեն չվստահել այս կամ այն լրատվամիջոցին, նույնիսկ ատել դրանց, կարծել, որ տվյալ լրատվամիջոցը հակապետական գործունեություն է ծավալել եւ այլն: Սակայն այդ կարծիքը իրավունք չի տալիս ոչ մեկին խախտել իրավական նորմերն ու խոսքի եւ մամուլի ազատության հիմնարար սկզբունքները»:

Սաֆարյանն երեկ իր հայտարարության վերաբերյալ պարզաբանում էր գրել ֆեյսբուքյան իր էջում. «Իմ մասնավոր տարածքում, իմ անձնական միջոցառմանը ում ուզեմ, նրան էլ կանչելու եմ: Ում չեմ ցանկանում տեսնել, ոտք չի դնելու: Ինչպես ընդունված է աշխարհի բոլոր հետազոտական կենտրոններում, նման միջոցառումներին կարող են մասնակցել միայն ՀՐԱՎԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ու դա մամուլի ազատության հետ կապ չունի: Մնացածները կարող են վերահեռարձակել Առաջին լրատվականի եթերը, եթե ուզում են: Մենք մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքներին ու շարասյուներին մեր տուն չենք թողնում ու չենք թողնելու. դա մեր սուրբ իրավունքն ու պարտականությունն է: Մենք 5-րդ շարասյուների համար 1 միլիմետր անգամ չունենք: Մեր մեդիագործընկերները մեր գլխին տեղ ունեն»:

Սաֆարյանի այս պարզաբանման առնչությամբ Հակոբյանն ասաց. «Դժվար է մեկնաբանել տվյալ տրամաբանությունից դուրս պարզաբանումը, բայց փորձեմ. մեր մասնավոր տարածքը մեր տունն է, սեփական խանութը, գրասենյակը: Իսկ մեր անձնական միջոցառումը մեր ծննդյան օրերն են, հարսանիքներն ու կնունքները: Մասնավոր եւ անձնական չեն կարող լինել նախօրոք հայտարարված հանրային կառույցի կազմակերպած միջոցառումները, որոնց հրավիրվում են հանրային դեմքեր եւ լրատվամիջոցներ: Անշուշտ, յուրաքանչյուր կազմակերպություն ունի փակ միջոցառում անցկացնելու իրավունք, սակայն այս դեպքում հրապարակավ հայտարարվել է այդ միջոցառման մասին եւ հրապարակավ հնչեցվել է անցանկալի լրատվամիջոցների «սեւ ցուցակը», ինչը, կրկնեմ, անթույլատրելի է: Մի բան էլ ավելացնեմ՝ այո, որոշ լրատվամիջոցների կողմից սփռվող տեղեկատվական հոսքերը ուղղորդված են, խիստ միակողմանի եւ մանիպուլյատիվ (մանիպուլյացիաների, hate speech-երի քանակը նվազեցնելու, անաչառ լրատվությունն ապահովելու համար օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, ինչի մասին բազմիցս հայտարարել եմ): Սակայն այդ հոսքերը ուղված են ոչ թե պարոն Սաֆարյանի, այլ իշխանությունների, ռեֆորմների, երկրի ազատականացման դեմ: Ուստի Ստյոպա Սաֆարյանի՝ «մեր դեմ» արտահայտությունը այս կոնտեքստում չափից դուրս հավակնոտ է, հիշեցնում է Լյուդովիկոսներից մեկի տխրահռչակ արտահայտությունը. «պետությունը ես եմ»:

Հուսով եմ, պարոն Սաֆարյանի կվերանայի իր մոտեցումները, այլեւս հարվածի տակ չի դնի պետության եւ իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությունը, որի սկզբունքներից է խոսքի ազատության լիարժեք պահպանումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031