«Առավոտին» եւ «Երկիր մեդիային» Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հարցազրույցի ընթացքում հետաքրքրվեցինք. «Անցած տարվա հոկտեմբերի 28-ին «Ազատությանը» տված հարցազրույցում ասացիք, որ ամբողջությամբ աջակցում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ, որ ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Փաշինյանին․ «Ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ է իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասած հետևյալն է, որ եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»: Այս ամենից հետո, երբ ձեր անունը հայտնվեց հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ եւ ակնհայտորեն գործընթացները գնալու են նաեւ ձեր ուղղությամբ, էլի շարունակո՞ւմ եք հավատալ Նիկոլ Փաշինյանի ազնվությանը»:
Գեւորգ Կոստանյանը վերահաստատեց իր պնդումը՝ հավելելով. «Եթե նպատակները եւ սկզբունքները ազնիվ են, այսինքն` իրավական պետության կայացման ժողովրդավարության պետության կայացման հարցում, այդ նպատակները որեւէ մեկի համար օտար կամ անցանկալի չեն»: Հավելեց. Այլ հարց է, թե դա գործնականում ինչպես է իրականացվում։ Բայց նպատակներին հավատարմությունը, օժանդակությունը, ես կարծում եմ, ցանկացած հայ մարդ, ցանկացած քաղաքացի պետք է ունենա»: Ըստ նրա՝ կիրառման ընթացքում ամենագեղեցիկ գաղափարը կարող է հօդս ցնդել. «Ամենագեղեցիկ նպատակը գործնական իրականացման ընթացքում կարող է ուղղակի հակառակ հետեւանք ունենալ ժողովրդի եւ պետության համար»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ հայտարարելով ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, ասել էր, որ Եվրամիությունից արդեն աշխատանքի հրավեր է ստացել եւ մինչեւ դեկտեմբեր վայր կդնի մանդատը եւ կլքի Հայաստանը, սակայն հայտնի է՝ այդ աշխատանքը կարծես չի ստացել։ Գեւորգ Կոստանյանը հայտնեց, որ Եվրամիության դատախազությունից աշխատանքի առաջարկ ստացել է: Բայց միաժամանակ առաջարկություն է ստացել Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում դասավանդելու, որն իր համար շատ ավելի հոգեհարազատ էր. «Եվ ես հիմա տեղափոխվել եմ այստեղ»:
Հարցազրույցի առաջին մասը մանրամասն՝ տեսանյութում