Արեւելագետ Վարդան Ոսկանյանը խոսելով Մերձավոր Արեւելքի հետ հարաբերությունների կարեւորության մասին, ասաց, որ Մերձավոր Արեւելքի հետ չաշխատելը հղի է վտանգներով; «Մենք մեզ մտովի պատկերացնում ենք Եվրոպայում, բայց ֆիզիկապես Մերձավոր Արեւելքում ենք»,-նշեց արեւելագետը:
«Մերձավոր Արեւելքը աշխարհի կարեւոր կետերից մեկն է եւ այս իմաստով շռայլություն է, որ Հայաստանը չունի մերձավորարեւելյան հստակ քաղաքականություն` հաշվի առնելով բազմաթիվ խաղացողների ներկայությունը այդ տարածաշրջանում: Մենք նույնիսկ չունենք ընդհանուր մշակված եզրաբանություն; Որեւէ մեկը ինձ չի կարող ասել` Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների համաձայն արդյոք Պարսից ծո՞ց պետք է կոչենք այդ հայտնի աշխարհագրական միավորը, թե Ծոց …
Օրինակ` Ռուսական քաղաքական վերնախավը կիրառում է Պարսից ծոց եզրույթը, անկախ նրանից` նախագահը գտնվում է Սաուդյան Արաբիայում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում»,- մանրամասնեց Վարդան Ոսկանյանը: Նրա ձեւակերպմամբ, նման եզրաբանական բացակայության պայմաններում ենք ապրում բարդ տարածաշրջանում:
«Մենք պետք է ունենանք Հայաստան-Մերձավոր Արեւելք ընդհանուր հայեցակարգ, որն իր մեջ կներառի բազմաթիվ տարրեր: Իրանի հետ ունենք կենսական նշանակության շահեր, բայց Մերձավոր Արեւելքի մյուս երկրներն էլ պակաս կարեւոր չեն` սկսած Սիրիայից, վերջացրած Աֆղանստանով…Մենք չենք օգտագործում Աֆղանստանի գործոնը հակաադրբեջանական գործողությունների տիրույթում: Ադրբեջանի համար մեկ դաշնակիցներից Պակիստանի հետ Աֆղանստանն ունի խնդրահարույց հարաբերություններ եւ ոչ դրական անցյալի փորձ»,-հայտնեց Ոսկանյանը:
Կարդացեք նաև
Նա ՀՀ վարչապետի հարցազրույցին էլ անդրադարձավ, որ տրվել էր ԱՄԷ Gulf News թերթին:«Պարսից ծոցի պետությունները միապետություններ են, եւ հեղափոխություն բառն այս երկրների իշխող վերնախավերի համար պատկերավոր ասած`ասոցացվում է սատանայի հետ, էլ չասեմ, որ հեղափոխություն բառից նրանք վախենում են ոչ միայն սեփական իշխանության առանձնահատկությունները հաշվի առնելով, այլեւ Իրանի Իսլամական հեղափոխության հետեւանքներն իրենց մաշկի վրա զգալով` Բահրեյնում, նույնիսկ Սաուդյան Արաբիայում:
Այս հարցազրույցում անընդհատ կիրառվում է հեղափոխություն բառը: Չգիտեմ, թե հեղափոխություն բառը որ տարածաշրջանում կարող է աշխատել եւ մեզ դիվիդենտներ բերել, բայց ոչ երբեք Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Բահրեյնում եւ այլ նման կառուցվածք ունեցող երկրների պարագայում: Ես չգիտեմ` ո՞վ է խորհրդատվություն տրամադրում այս հարցում, բայց ակնհայտ է, որ մենք ըստ իս, գործ ունենք կոպտագույն սխալի հետ: Այսինքն` մենք ոչ միայն չունենք ընդհանուր քաղաքական հայեցակարգ, այս խնդիրների մասին կոնկրետ դեպքում իրավիճակային կառավարման ունակություններ եւ հմտություններ, որպեսզի կարողանանք գոնե կիրառել ճիշտ եզրաբանություն»,-ասաց պարոն Ոսկանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ