Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռիսանոց, մկնանոց, խուլիգանանոց հարբեցողների տեղ… կրակն ենք ընկել ձեր ձեռը». Պատգամավորները բողոքում են Հայկ Մարությանից

Հոկտեմբեր 29,2019 17:52

Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին այսօր 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցրեց՝ քաղաքապետը տեղյակ չէ՞ր, որ բյուջեի քննարկումներն են ու հենց այդ պահին է նա մեկնում արտերկիր՝ արձակուրդի, խնդրում եմ մեկնաբանեք այս անպատասխանատու վերաբերմունքը ԱԺ-ի նկատմամբ: Նա հիշեցրեց, որ երբ Տարոն Մարգարյանն էր նման կերպ վարվում, բուռն քննադատության էր արժանանում Նիկոլ Փաշինյանի կողմից ու հիմա նույնն իրենք են անում:

Փոխքաղաքապետը պատասխանեց, որ որեւէ աղերս չկա ԱԺ-ի նկատմամբ վերաբերմունքի, անպատասխանատվության հետ. «Քաղաքապետը տեղեկացված չէր կոնկրետ օրերի մասին, մենք ուշ ենք ստացել այդ տեղեկատվությունը, ուստի նրա ճամփորդությունը, արձակուրդը պլանավորված էր շատ ավելի վաղ՝ հոկտեմբերի կեսերին, քաղաքապետի տեղափոխումը միջոցառումների հետ կապված այլ ժամկետ տեղափոխվեց»:

Եղիազարյանը պատասխանեց, որ չի կիսում պարզաբանումը, որովհետեւ բյուջեի քննարկումների ժամկետը վաղուց հայտնի է:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը միացավ դժգոհությանը. «Այլեւս չպետք է նման բան լինի, որ քաղաքապետը չբարեհաճի գալ ԱԺ եւ հաշվետվություն ներկայացնել, սա անթույլատրելի գործելակերպ է»:

Բագրատյանը նաեւ հարցրեց՝ մենք քաղաքի զարգացման տեսլական ունե՞նք, թե՞ չէ, վերեւից որ նայում ենք, անմխիթար պատկեր է, հատկապես՝ Մալաթիայի, Սարի թաղի հատվածում՝ խայտաբղետ տանիքներ, շենքեր, ամբողջովին խաթարում է Երեւան քաղաքի տեսքը, պետք է ժամ առաջ տեսլական մշակեք. «Խայտառակ վիճակ է գետնանցումներում: Քաղաքապետին անձամբ բազմիցս ասել եմ, ոչինչ չի փոխվում: Մի անգամ մեկին նույն հարցը երկու անգամ ասինք, նեղացավ, ասում է՝ նույն հարցը երկու անգամ եք ասում, բա 15 անգամ պիտի ասեն, որ անեք, որ չեք անում՝ ի՞նչ անենք, կրակն ենք ընկել ձեր ձեռը: Գետնանցումների հարցը լուծեք, վերջացրեք, խայտառակ վիճակ է, մտեք Մաշտոցի պողոտայի, Պարոնյանի գետնանցումները՝ կռիսանոց, մկնանոց, խուլիգանանոց հարբեցողների տեղ, ո՞նց կարելի է օրը ցերեկով այդ կարեւոր հատվածում նման վիճակ ունենալ: Արագ լուծե՛ք այդ հարցը»:

Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ առաջին հայացքից թվում է, թե կարող են գետնանցումները վերցնել, սարքել, բայց այդ գետնանցումներն ունեն վարձակալության երկարաժամկետ պայմանագրեր, որոնց խզման հիմքերը իրավական շատ թույլ են: Միայն Մաշտոցի պողոտայի գետնանցման պայմանագիրն է խզվել դատական կարգով. «Բոլոր գետնանցումները՝ 34, ծրագրի տակ են դրված, այս տարի կունենանք կայացած մրցույթ եւ իրականացվող ծրագիր: Գրիգոր Լուսավորչի գետնանցումն ունի գլոբալ խնդիր, խաչմերուկից ջուր է հոսում ու կապիտալ վերանորոգման խնդիր կա»: Նա ասաց, որ ջրամեկուսացման աշխատանքներ պիտի տանեն, նոր ներդրումների ծրագիր կազմեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031