Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փոխքաղաքապետը վստահեցրեց՝ ինքը «մահվան գազելից» օրերս օգտվել է, բախտը բերել է՝ նստելու տեղ է եղել

Հոկտեմբեր 29,2019 17:13

Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին այսօր ԱԺ-ում հարցրեցինք՝ «մահվան գազելներից» ե՞րբ ենք մենք ազատվելու, որովհետեւ ամեն անգամ, երբ նստում ենք այդ գազելները, ուզում ենք Հայկ Մարությանի հայտնի կերպարի նման այդ գազելներին ասել՝ ո՜՞նց ենք մենք ձեզանից զզվո՜ւմ: Փոխքաղաքապետը պատասխանեց, որ թեւակոխել են կառավարության հետ ֆինանսավորման աղբյուրների քննարկման փուլ, այսինքն, կարելի է  ասել, որ մոդելը կառուցվածքի պատրաստ է, կառավարության հետ վերջնական հստակեցնելուց հետո կսկսվի ծրագրի իմպլեմենտացիան, որը կենթադրի նոր տրանսպորտային ցանցի ներդրում: Մինչ այդ կան տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործման ժամկետը սպառված է եւ այդ միջոցները պետք է թարմացվեն: Այս պահին քաղաքապետի կարգադրությամբ մեր թիմը ձեռնամուխ է եղել նոր շարժակազմի ձեռքբերման, ներդրման աշխատանքներին: Հաջորդ տարի մինչ ամբողջական ցանցի ներդրումը կներմուծվի որոշակի ավտոբուսային պարկ»:

Նա վստահեցրեց, որ մինչեւ հաջորդ ընտրությունները տրանսպորտային նոր ցանցը ներդրված կլինի եւ այդ խնդիրը լուծված կլինի:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց՝ նախկին իշխանության օրոք հարցադրումներ էին հնչում, որ քաղաքապետարանի աշխատակիցների ծառայողական մեքենաները պետք է լուրջ կրճատվեն, հատկապես տրանսպորտի վարչության պետին պետք է ծառայողական մեքենա չտան, որ հաճախ օգտվի երթուղային տրանսպորտից եւ բոլոր խնդիրները կարողանա իր մաշկի վրա զգալ: Հիմա այլեւս հրատա՞պ չէ այդ պահանջն այս իշխանությունների օրոք՝ Սարգսյանը պատասխանեց. «Տրանսպորտի վարչության պետի ծառայողական մեքենայի այլեւս ակտուալ չէ, որովհետեւ նա դուրս է եկել աշխատանքից, նոր վարչության պետ չունենք, ԺՊ է: Իրականում տարբերությունը քաղաքապետարանի՝ որպես պետական իշխանության կառույցի, այն է, որ դրանք այստեղ ծառայողական մեքենաներ չեն: Քաղաքապետարանի ողջ շարժակազմը ծառայում է օրական խնդիրների լուծման, այնպես չի, որ վարչության պետն առավոտյան մեքենայով գալիս է աշխատանքի, մեքենան այնտեղ կանգնում է, հետո տանում է իրեն տուն, մեքենաներն ամբողջ օրվա ընթացքում շրջում եւ ծառայում են վարչության բոլոր գործառույթներին: Դուք կարող եք գալ եւ տեսնել, թե այդ մեքենաները ինչ վազք են ունենում ամենօրյա կտրվածքով: Քաղաքն ունի կոմունալ խնդիրներ, շինարարական, այդ բոլոր խնդիրները աշխատակիցները ոտքով չեն կարող լուծել: 120 հազար ստացող աշխատակիցն ի վիճակի չի օրական 8 անգամ տրանսպորտով գնալ այս կետից մյուս կետ, գալ հետ, հետո գնալ, դրա համար կա աշխարհում ընդունված ցիվիլ եղանակ՝ ընդհանուր օգտագործման մեքենա»:

Սարգսյանը վստահեցրեց, որ այնուամենայնիվ, քաղաքապետարանի աշխատողները երթուղային տրանսպորտից օգտվում են: Հարցին՝ դո՞ւք էլ եք օգտվում, փոխքաղաքապետը պատասխանեց. «Այո, վերջին անգամ գազելից օգտվել եմ հավանաբար մի 15-20 օր առաջ, երբ աղջկաս պիտի վերցնեի իր պարապմունքի տեղից»: Հետաքրքրվեցին՝ ե՞ւ, տեղ կա՞ր նստելու՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Այո, բախտս բերեց, դա ուշ ժամ էր, 9-ի կողմերը»: Հարցին՝ պիկ ժամերին՝ 6:30-ի կողմերը փորձե՞լ եք օգտվել, պարզվեց՝ ոչ. «ես այդ ժամին աշխատասենյակից չեմ կարող դուրս գալ, իմ աշխատանքային ժամը շատ ուշ է ավարտվում, որ ես կարողանամ քաղաքային տրանսպորտից օգտվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՌԴ-ում այդ գազելները մեկ-երկու տարի շահագործելուց հետո արգելվել է ուղևորափոխադրումների համար օգտագործումը որպես մարդկանց կյանքի համար վտանգավոր և ամբողջությամբ հանվել է շահագործումից,իսկ մենք օգտագործում ենք մինչ օրս…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031