«Նաիրի Հունանյանը չի փոխվել: Պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հանդիպումը եւ այդ ընթացքում նրա ասածները, եւ այն բառերը, որոնք արտասանելով՝ նա սպանում էր Վազգեն Սարգսյանին, վկայում են այն մասին, որ նա ապրել է հայելային աշխարհում եւ համոզված է, որ «փրկիչ» է, որ ՀՀ-ն իր կարիքն ունի»,-«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր կազմակերպված քննարկմանը հայտարարեց Հոկտեմբերի 27-ի գործով վկա Նարինե Դիլբարյանը, ով ոճրագործության ժամանակ ԱԺ-ում աշխատող լրագրողների թվում է եղել:
https://www.facebook.com/aravot.am/videos/2408626902568497/
Նարինե Դիլբարյանի տպավորությունն այսպիսին է. «Նաիրի Հունանյանի մոտ երեւի ամրացել է գաղափարը, որ իր ծրագրերը կենսունակ են: Հանրությունը պետք է մտահոգվի, որ նման քաղաքական ահաբեկչություն կատարած անձինք մեզ չեն բերելու ՀՀ-ի անվտանգությանը: Նաիրի Հունանյանի հավակնությունները դեռեւս այն ժամանակ չէին ստանում հանգուցալուծումը (Դիլբարյանը եւ Հունանյանը միեւնույն ֆակուլտետում են ուսանել). նա ճնշված էր, որովհետեւ իր «փրկչական» առաքելությանը հավատացողներ չկային»:
Նարինե Դիլբարյանի բնորոշմամբ՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Նաիրի Հունանյանը որոշել է քայլ անել. «Այն պետք է գնահատել շատ մասնագիտորեն, բայց դեռեւս չկա այնպիսի անվտանգության համակարգ, որպեսզի գործի վերաբացման դեպքում սխալներ թույլ չտանք»:
Կարդացեք նաև
Դիլբարյանը նաեւ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային գրքում Հոկտեմբերի 27-ի առնչությամբ երկրորդ նախագահը որոշ «առասպելական դրվագներ» է նշել. «Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում կան մարդիկ, որոնք ճանաչել են Նաիրի Հունանյանին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ