Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ցանկանում եմ Հրայր Թովմասյանի մութ անցյալից մի քանի դրվագ ներկայացնել

Հոկտեմբեր 29,2019 16:15

Հետևելով Հրայր Թովմասյանի դեմ արդարացիորեն հարուցված գործընթացներին և ցանկանալով կատարել իմ քաղաքացիական պարտքը, սույն հաղորդագրությամբ ցանկանում եմ Թովմասյանի մութ անցյալից մի քանի դրվագ ներկայացնել:

Երկրի նոր ղեկավարության ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Հրայր Թովմասյանը «Ի՞ՆՉ: ՈՐՏԵ՞Ղ: Ե՞ՐԲ» ակումբի անդամ էր և խաղում մի թիմում, որի ավագը ես էի:

Օգտվելով իր պաշտոնական լիազորություններից, ինչպես նաև գործի դնելով իր անմիջական կապերը նախկին ռեժիմի հետ, նա բազմիցս փորձել է ուզուրպացնել իշխանությունը թիմում և դառնալ թիմի ավագ: Սույն հակասահմանադրական արարքները իմ կողմից կանխվել են, սակայն արդարությունն առ այսօր չի վերականգնվել:

Ավելին, թեպետ շուրջ 2 տարի է մեր թիմը հանդես չի գալիս մրցույթներում, ես կարող եմ պնդել, որ չարագործը, առ այսօր ներքուստ չի հրաժարվել այդ մտադրությունից, և ես վստահ եմ, որ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում նա նորից կփորձի զավթել իշխանությունը մեր թիմում:

Միաժամանակ, Հրայր Թովմասյանը, ըստ ամենայնի, հանցավոր պայմանավորվածության արդյունքում իր հոգին գիտելիքի դիմաց վաճառելով սատանային, պարզապես փայլուն էր խաղում, իսկ մի տարի անգամ ճանաչվեց խաղաշրջանի լավագույն խաղացող: Կազմակերպիչներից և հովանավորներից ստանալով համապատասխան նվերները և պարգևները, այդ թվում՝ դրամական, նա իր անձի շուրջ կեղծ դրական տպավորություն ստեղծելու նպատակով հանցավոր սխեմաներով փոխանցել է բարեգործական նպատակներով:

Այսքանով Թովմասյանի հակաիրավական արարքները չեն սահմանափակվել: Ավելորդ չէ նշել, որ նա խաղերի ընթացքում մի քանի անգամ փորձել է ճնշում գործադրել ինձ վրա, թիմի անունից վերջնական պատասխանը ընտրելու ընթացքում, այդ թվում՝գործադրել է ինտելեկտուալ ճնշման եղանակներ, իսկ որոշ հարցերի դեպքում հետին թվով էր հնչեցնում էր ճիշտ պատասխանը:

Չբավարարվելով թիմի ներսում իր պառակտիչ գործունեությամբ, նա խաղերի ընթացքում պարբերաբար վիճաբանության էր բռնվում նաև խաղը վարողի հետ, այսպիսով փորձ անելով զավթել իշխանությունը ողջ հաղորդաշարում, կամ առնվազն՝ տաղավարում:

Վերոհիշյալ դրվագներն հաստատող տեսագրությունները պահպանված են և կարող են լույս սփռել Հրայր Թովմասյանի հանցավոր անցյալի վրա:

Նշված, ինչպես նաև այլ փաստերի ուսումնասիրության համար պատկան մարմիններին առաջարկում եմ ստեղծել հատուկ կարևոր ինտելեկտուալ հանցագործություններով զբաղվող խումբ:

Պատրաստ եմ համագործակցել նախաքննության հետ:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031