Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Էդմոն Մարուքյանը իմ սիրելիների պարգեւատրումների մասին գիտի, կարող է ներկայացնի». Էրիկ Գրիգորյանը՝ աշխատողների գաղտնի նամակների ու իրեն պարգեւատրելու մասին

Հոկտեմբեր 29,2019 15:49

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր հարցրեցինք՝ դուք էլ եք վարչապետի գաղտնի հանձնարարականով ձեր տեղակալների հետ ճոխ պարգեւավճարներ ստացել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ որոշ նախարարներ ստացել են, որոշները՝ ոչ:

Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Այն գումարները, որ նշվել է եւ մեկնաբանվել վարչապետի կողմից, իհարկե, վերաբերվում է ինչպես ինձ, այնպես էլ բոլոր նախարարներին եւ փոխնախարարներին: Արդեն պարզ է ամեն ինչ: Բոլոր նախարարները, եթե չեմ սխալվում, մայիս ամսից ստացել են»:

Մեր հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախարարությունների աշխատակիցները, այդ թվում ձեր նախարարության անունն էլ տվեց, իրեն գաղտնի նամակներ են ուղարկում ֆեյսբուքով ու բողոքում, որ այդ պարգեւատրումներն արդարացի սկզբունքով չեն բաշխվել, նախարարները իրենց յուրայիններին, սիրելիներին են բաժանել, դուք ինչպե՞ս կպարզաբանեք՝ Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ, եթե պարոն Մարուքյանը իմ սիրելիների պարգեւատրումների մասին գիտի, կարող է ներկայացնի: Ես կարող եմ ներկայացնել ինչպես է իրականացվում պարգեւատրումը, յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ամեն ամիս ներկայացնում է այն աշխատակիցների ցանկը, որոնք իրականացրել են որեւէ աշխատանք, որն առավել է, քան իրենց աշխատանքը: Այսինքն, ամենօրյա իրենց աշխատանքի համար լրացուցիչ պարգեւատրումներ չեն ստանում, քանի որ դրա համար պետությունն արդեն իրենց վարձատրում է: Լրացուցիչ յուրաքանչուր ստորաբաժանման կողմից ներկայացված ցանկով, գործակիցներով պարգեւատրումների գործընթացն իրականացվում է, իսկ ստորաբաժանումների ղեկավարների պարգեւատրումը կրկին այդ սկզբունքով իրականացվում է նախարարության ղեկավար անձնակազմի կողմից: Ամեն անգամ ներկայացվում են այն հատուկ առաջադրանքները, որոնք իրականացվել են եւ վարձատրումն իրականացվում է: Իհարկե, կան աշխատակիցներ, որոնք չեն պարգեւատրվում, եւ ես բացարձակապես չեմ բացառում, որ այդ աշխատակիցները պետք է լինեն դժգոհ: Բայց պարգեւատրվելու եւ չպարգեւատրվելու մեջ մի խնդիր կա՝ երբ նմանատիպ հաստիքով երկու աշխատակից, որոնցից մեկը օր ու գիշեր աշխատում է եւ աշխատում է արդյունավետությամբ, ստանում է մոտավորապես նույն վարձատրությունը եւ կողքի աշխատողը չի աշխատում բավարար ջանասիրությամբ, դա նաեւ աշխատակիցների մոտիվացիայի վրա է ազդում»:

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջիկա կառավարության նիստում ներկայացնելու են նախարարության կառուցվածքի փոփոխությունը եւ մտադիր են էական կրճատումներ անել նախարարությունում:

Թե նախարարը ո՞նց է որոշել, որ ինքը լավ է աշխատում ու ինքն իրեն պարգեւատրել է, Էրիկ Գրիգորյանն իր բացատրությունն ունի՝ վերջին շրջանում տուն է գնում գիշերը 11-ից ոչ շուտ. «Աշխատում եմ նաեւ շաբաթ օրերը»: Հարցին՝ բայց արդյունք կա՞, ուշ գնան ի՞նչ կապ ունի պարգեւատրման արժանի լինելու հետ՝ նախարարը պատասխանեց, որ արդյունավետության առումով աշխատանքը գնահատում է հասարակությունը եւ կառավարությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031