Aravot.am-ի հարցին՝ տարիներ առաջ դեղերի շուկան ազատականացվեց, պատճառաբանություններից մեկն էլ ազատ մրցակցությունն էր, դեղերի գների նվազումը, սակայն այսօր ոչ միայն դեղերը չեն էժանացել, մի բան էլ թանկացել են, ինչո՞ւ, ՀՀ միջազգային դեղ արտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը պատասխանեց, որ նախեւառաջ դեղերը չեն էժանանում 20 % ԱԱՀ-ի պատճառով: Նրա խոսքով, ոչ մի այլ երկրում չկա 20 տոկոս հարկ դեղերի վրա, ինչն էլ արդեն իսկ թանկացնում է դեղի գինը:
Պարոն Զաքարյանի խոսքով, նախկին իշխանություններն այդ 20 տոկոսի առկայությունը պատճառաբանում էին առողջապահական ֆոնդեր ստեղծելով, որպեսզի այդ գումարներն ուղղվեն առողջապահական ծրագրերին, սակայն, «20 հարկը մտավ, բայց ֆոնդերը չստեղծվեցին»:
Սամվել Զաքարյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ում «Ելք» դաշինքը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմանում էր այդ 20 % ԱԱՀ-ին, սակայն հիմա, երբ արդեն վարչապետ է, այդ մասին չի խոսում:
Դեղոլորտի մասնագետի կարծիքով, Հայաստանի շուկան փոքր է, եւ դեղերի թանկ լինելու պատճառներից մեկն էլ, որ դեղաարտադրող խոշոր ընկերությունները չեն ուզում մեր շուկա մտնել, քանի որ տեղում ներկայացուցչություն պահելը, դեղը գովազդելը ձեռնտու չէ: Բացի այդ, օտարերկրյա դեղ արտադրողները մեր երկրում ռիսկեր են տեսնում. «Նախկինում կարող էր նախարարության վեբ կայքում մի դեղի մասին ինչ-որ մի հայտարարություն լինել, բայց ճշմարտությանը չհամապատասխաներ եւ այդ մի հայտարարությունը կարող էր միջազգային նշանակություն ունենար՝ ընդհուպ հասնելով բորսաներում արժեթղթերի գների արժեզրկմանը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դեղերի շուկայում կա՞ն մենաշնորհներ, ինչպիսի՞ն է հիմա դեղերի ոլորտը, պարոն Զաքարյանը վստահեցրեց. «Հայաստանում մոնոպոլիստներ դեղերի մասով չկան, կան խոշոր ներկրողներ, արտադրողներ ի տարբերություն մյուսների»:
Մանրամասները` տեսանյութում
Պարոն Զաքարյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ որքանով է ընդունելի դեղերի բիզնեսով զբաղվող գործարարների դժգոհությունը հարուցած օրենքի մի դրույթը, որն ուժի մեջ է մտնելու այս տարի, համաձայն որի՝ նույն ընկերությունն իրավունք չունի զբաղվելու միաժամանակ ե՜վ մեծածախ, ե՜վ մանրածախ վաճառքով: Ի պատասխան, Սամվել Զաքարյանն ասաց, որ դա միանշանակ ճիշտ է, քանի որ գոյություն ունեն միջազգային չափանիշներ, այլ հարց է, որ դեղատների վերալիցենզավորման գումարների չափն ու ժամկետները վերանայվեն, ինչը կարծես թե ներկայիս կառավարությունն անում է:
Սամվել Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀ միջազգային դեղ արտադրողների ասոցիացիայի գլխավոր նպատակներից մեկը հայաստանցի սպառողին ապահովել որակյալ, անվտանգ ու միջազգային չափանիշներին համապատասխան դեղերով: Նպատակներից մեկն էլ այս ասոցիացիան միացնել Միջազգային դեղ արտադրողների եւ ասոցիացիաների ֆեդերացիային, որպեսզի Հայաստանը դեղագործական քարտեզի վրա ճանաչված երկիր լինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ