Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ Մանվել Գրիգորյանի գործով. միջնորդություն՝ հարցաքննել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին

Հոկտեմբեր 29,2019 15:32

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 29-ին անցկացվող դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Այն ստորագրել են հանձնաժողովի 7 անդամներից 6-ը՝ բացառությամբ Նորբերդ Ավետյանի:

Մնացական Մարտիրոսյանը հանձնաժողովի եզրակացությունից մեջբերեց. «Ներկայումս վերը նշված ախտորոշումների մեջ հիվանդությունների և դրանց բարդությունների արտահայտման աստիճանները չեն համապատասխանում ՀՀ կառավարության՝ 2006-ի մայիսի որոշմամբ նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններին և հիվանդությունների ծանրագույն աստիճանին բնորոշ որևէ կետի: Ներկա առողջական վիճակով Մանվել Գրիգորյանը կարող է բուժում ստանալ ՀՀ որևէ հիվանդանոցում՝ հագեցած մասնագիտական ծառայություններով, իսկ քրեակատարողական հիմնարկում կարող է ստանալ նման բուժում, եթե այն ապահովված լինի վերոնշյալ պայմաններով»:

Եզրակացության մեջ նշված է նաև, որ Մանվել Գրիգորյանի բուժման գործընթացում խորհուրդ է տրվում դեղորայքային բուժումը զուգակցել սննդակարգի խստորեն պահպանմամբ:

Նախագահող դատավորը շեշտադրում կատարեց նաև եզրակացության այն հանգամանքի վրա, որ Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստերին մասնակցության համար և ընթերցեց. «Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցության համար: Տեղաշարժումը կարելի է ապահովել կողմնակի անձանց և սարքավորումների կիրառմամբ, իսկ նիստերի ընթացքում կարելի է ապահովել բժշկի ներկայություն»:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ընթերցեց Նորբերտ Ավետյանի զեկույցը, որում մասնավորապես նշված է. «Առկա պայմանները բավարար չեն խնամելու Մանվել Գրիգորյանի բազմաթիվ պաթոլոգիաները… արձանագրել եմ, որ հիվանդի՝ բանտարկության արդյունքում նրա առողջության վատթարացում է եղել: Մանվել Գրիգորյանի մոտ ավելացել են ձախ ձայնալարի կաթված ու նշիկային բորբոքումներ: Եզրակացնում եմ, որ վերը թվարկած հիվանդությունները խորանում են առկա պայմաններում: Սահմանափակ տարածքներում գտնվելու փաստը և հաշվի առնելով առողջության վատթարացումը, Գրիգորյանի հիվանդությունների բնույթը, բարդացումները, սրտային և շնչառական դեկոմպենսացիոն վիճակը՝ հանգում եմ այն եզրակացության, որ առկա պայմաններում Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդությունները կարող են էլ ավելի վատթարանալ և հանգեցնել մահվան»:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի համար զարմանալի է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության մեջ ներկայումս բնորոշումը, քանի որ ըստ փաստաբանի՝ կամ գրում են հիվանդությունները համապատասխանում են կառավարության որոշմամբ հիվանդությունների ցանկին կամ ոչ, ոչ թե ներկայումս:

Այնուհետև նա ներկայացրեց միջնորդություն՝ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին հրավիրել դատարան և նրանց հարցաքննել:

Նախագահող դատավորն ասաց, որ միջնորդությունը դատարանը կքննի հաջորդ շաբաթ:

Պաշտպանը խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ևս ներկայացրեց: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը խնդրեց հաշվի առնել Մանվել Գրիգորյանի տարիքը, որ նա Արցախի հերոս է, կարճատև ազատության մեջ մնալով՝ ցույց է տվել, որ չի խոչընդոտում դատաքննությանը, որ նա ունի առողջական խնդիրներ և այլն:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը խնդրեց միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և ժամանակ տրամադրել այն ուսումնասիրելու համար, որ այդ ամենի հիման վրա միջնորդության հետ կապված դիրքորոշում հայտնի:

Դատարանը գտավ, որ միջնորդության լուծման համար անհրաժեշտ հանգամանքներ պարզելու համար անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.00-ին: Մնացական Մարտիրոսյանը հայտնեց՝ նախ կանդրադառնան խափանման միջոցի փոխարինման հարցին, հետո մյուս միջնորդության լուծմանը՝ հանձնաժողովի անդամներին հրավիրելու առումով:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031