Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ի՞նչ է նշանակում, «ամենակրուտոյ» պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ պրիստիժնի տեղեր». ինչու Հայկ Մարությանը չի եկել ԱԺ՝ բյուջեի քննարկմանը

Հոկտեմբեր 29,2019 15:26

Ազգային ժողովում 2020-ի բյուջեի քննարկումներն են, այսօր պետք է զեկուցեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն նա չի եկել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, Տարոն Մարգարյանի բացակայության հետ կապված իր դժգոհությունն էր հայտնել ու այդ պատճառով բոյկոտել էր բյուջեի քննարկումները:

Օրինակ, երբ հերթական անգամ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում բյուջեի քննարկմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սա ի՞նչ է նշանակում: «Ամենակրուտոյ» պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ «պրիստիժնի» տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը: Ասում են՝ Տարոն Մարգարյանը կարեւոր գործ ունի, այսինքն, մենք այստեղ հավաքվել ենք ոչ կարեւոր գործերո՞վ: Ես հիմա շատ կարեւոր գործեր ունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը եւ Սուրիկ Խաչատրյանը: Երբ նրանք կներկայանան, իմ հեռախոսահամարն ունեք, կզանգեք, ես կներկայանամ այս քննարկմանը»:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրեց, թե Հայկ Մարությանն ինչո՞ւ չի մասնակցում բյուջեի քննարկմանը: Նա պատասխանեց, որ Մարությանն արձակուրդում է:

Իսկ թե ինչու է հիմա քաղաքապետն արձակուրդ գնացել, երբ բյուջեի քննարկման ժամանակացույցը վաղուց հայտի էր՝ Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Եթե հարցնում եք նախկին պրակտիկայի մասին, ապա, կարծում եմ, էական հանգամանք էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր երկարատեւ կառավարման ընթացքում ոչ մի անգամ չի մասնակցել բյուջետային քննարկումներին: Քաղաքապետ Հայկ Մարությանն այս ամռանը մասնակցել է բյուջեի կատարողականի քննարկմանը: Այսինքն, Մարությանի՝ ԱԺ ներկայանալու եւ քննարկումներին մասնակցելու համար խնդիր չկա, առավել եւս՝ խորհրդարանի ինստիտուտի նկատմամբ անբավարար հարգանքի մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է նրա արձակուրդին: Քաղաքապետարանի, մասնավորապես, քաղաքապետի աշխատանքի համար ըստ էության բոլոր շաբաթները, տարվա բոլոր սեզոնները կարեւոր են ու միշտ կարեւոր օրակարգ լինում է, եւ դժվար է արձակուրդի համար հարմար ժամանակահատված ընտրելը: Թերեւս, ամենահարմար շրջանը արձակուրդի համար ամառային ամիսներն են, բայց, եթե հիշում եք, այս ամռանը քաղաքը աղբի ճգնաժամի դժվարին փուլում էր, եւ այդ ամիսներին քաղաքապետը չէր կարող արձակուրդ գնալ: Իսկ հիմա, մի քանի շաբաթից սկսվելու է ձմռան նախապատրաստման ակտիվ փուլը, հետեւաբար, արձակուրդի համար բավական հարմար պահ էր հենց այս շրջանը, եւ քաղաքապետը արձակուրդի մեկնեց Էրեբունի-Երեւան տոնից անմիջապես հետո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031