Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյանը` ԱԽՔ Արմեն Գրիգորյանին. «Անհասկանալի է, թե երիտասարդն ինչով է զբաղված»

Հոկտեմբեր 29,2019 15:09

«Ռուսաստանի համար Սիրիան միակ դաշնակիցն է եւ Ռուսաստանի ներգրավվածությունը մի քանի կարեւոր առանձնահատկություն ունի. ինչու է որոշվել, որ ռուսները պետք է Սիրիա գնան, որովհետեւ նախ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի տարածքային ամբողջականությունը Սիրիայում, նաեւ այն, որ չի կարելի պետություններ եւ իշխանություններ փոխել` «դրսից տղա բերելու» տրամաբանությամբ»,-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, միջազգայնագետը էական տարբերություն է տեսնում Միացյալ նահանգների գործող եւ նախկին իշխանությունների, Թրամփի եւ Օբամայի վարչակազմերի միջեւ. «Թրամփը բազմիցս հայտարարել է, որ այս պատերազմն իրենց պատերազմը չէ եւ ի՞նչ իմաստ ունի ունենալ զինված ուժեր Սիրիայում: Իրականում եթե նայենք Մերձավոր Արեւելքի քարտեզին, կտեսնենք, որ ԱՄՆ-ը ողջ տարածաշրջանում այնքան ռազմական բազաներ ունի, որ երեք հազար հոգանոց կոնտինգենտը, որ Սիրիայում է գտնվում, այդքան էլ կարեւոր չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Միջազգայնագետը միաժամանակ նշում է, որ եթե անգամ ԱՄՆ-ը զորքերը դուրս բերի, դա չի նշանակում, որ ինքը տարածաշրջանում շահեր չունի կամ չունի հնարավորություններ սպասարկելու իր ռազմավարական շահերը:

Սուրեն Սարգսյանն Հայաստանի անվտանգության խորհրդին ու նրա ղեկավարին էլ անդրադարձավ այս համատեքստում. «Ոչ թե կոնկրետ երեւույթների նկատմամբ չունենք ռազմավարություն, այլ գլոբալ չունենք ռազմավարություն ոչ մի ուղղությամբ, Հայաստանում չկա մի պետական հիմնարկ, որը ունենա ռազմավարություն… Այդ երիտասարդը (Արմեն Գրիգորյանը-Գ.Հ) 2 տարի է Անվտանգության խորհրդի քարտուղար է, անհասկանալի է, թե ինչով է զբաղված…2 տարվա ընթացքում որեւէ շոշափելի բան այդ կառույցը չի տվել, ինքը պարալիզացրել է այդ կառույցի գոյությունը: Մինչդեռ այդ կառույցը շատ կարեւոր կառույց կարող է լինել: Օրինակ, ԱՄՆ անվտանգության խորհուրդը նախագահի խորհրդականն է համակարգում եւ ինքն ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է աշխարհում…Հիշեք Ջոն Բոլթոնի ազդեցությունը եւ իր մշակած ռազմավարությունը…Մենք, ըստ էության, անվտանգության խորհուրդ չունենք:

Մենք չունենք ռազմավարություն, չենք նայում թե ուր ենք գնում, որոնք են մեր սպառնալիքները, թշնամիները…Օրինակ, Պակիստանի վերաբերյալ դիրքորոշում չունենք, հիմա այդ պետությունը թշնամի պետությո՞ւն է, թե ոչ: Այն աշխարհի միակ պետությունն է, որ ասում է Հայաստան պետություն գոյություն չունի, ասում է` սա Ադրբեջանն է…Որեւէ տեղ, որեւէ փաստաթղթում գրված չէ, որ Պակիստանը թշնամի պետություն է կամ գոնե թշնամաբար տրամադրված»:

Ինչ վերաբերում է ուղեղային եւ գիտական կենտրոններին, Սուրեն Սարգսյանն ասում է, որ Հայաստանում կան այդպիսիք եւ արտասահմանում նույնպես, որոնք զբաղվում են մեր տարածաշրջանով: Սակայն, այստեղ էլ, ըստ նրա, այլ խնդիր կա. «Պետությունը չի համագործակցում փորձագետների հետ, շատ քիչ դեպքերում կարող է ձեւական «գալոչկայի» համար հրավիրել ինչ-ինչ միջոցառումների…Պետական հիմնարկ կա, որ ասում է պետք է փորձագետներին քշել…Փորձագետին քշելը ո՞րն է, փորձագետները կարող են բոլորիդ քշել…Գլոբալ ռազմավարության, մարտավարության բացակայությունը, ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է: Օրինակ` Անժելա Էլիբեգովայի նման մարդը կարող է մեր երկրին օգտակար լինել 100 %-ով, բայց ներկայումս չի կարողանում 100 %-ով օգտակար լինել, որովհետեւ իր տեղը գիտեն, բայց իր գիտելիքը չեն օգտագործում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031