Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարծում է, որ աշխատավարձի բարձրացումից հետո իր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, բայց 800 հազար դրամ աշխատավարձ ստանալն իր ընտանիքում ոչինչ չի փոխել, քանի որ տուն ոչինչ չի տանում: Այդ մասին այսօր նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Գնել Սանոսյանը, միաժամանակ, կոռեկտ չի համարում անդրադառնալ նախարարների, փոխնախարարների և քարտուղարների աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ դրան մանրամասն արդեն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` եթե իր աշխատանքն ավելի դրական է դարձել աշխատավարձի բարձրացումից հետո, ապա մարզում ի՞նչ է փոխվել: Գնել Սանոսյանը սրտնեղեց. օրերս ամփոփել է իր կառավարման մեկ տարին, լրագրողներին հրավիրել էր լուսաբանելու, սակայն չեն գնացել: «Պետք է գայիք, ու տեսնեիք` ի՞նչ է փոխվել: Ինչո՞ւ չեք գալիս, ժողովուրդ ջան: Գրանցեք ու ասեք, որ 1500 հեկտար հող եմ ազատագրել, դա ազատագրել եմ նախկին գյուղապետերից: Մարզում ասֆալտապատվում է մի տարածք, որը երբեք չի ասֆալատապատվել, այն ռազմավարական նշանակության տարածք է»,- ասաց նա:
Ըստ նրա, պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները նման բարձր աշխատավարձ ստանան՝ միջինացված 30 տոկոս: Միաժամանակ, նա նաև տեղեկացրեց, որ մարզպետարանում սպասվում են կրճատումներ՝ տարածքային կառավարման մասին օրենքի ընդունումից հետո:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է իր կողմից դստերը պատվոգիր տալուն, Գնել Սանոսյանը պարզաբանեց` մայիսին երբ տեղի էր ունենում բիզնես-ֆորում, բոլոր անգլերեն իմացող երեխաները, որոնք աջակցել են ֆորումին և շփվել դրսից եկած հյուրերի հետ, ստացել են պատվոգրեր, այդ թվում՝ իր աղջիկը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ