Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը կոչ է արել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Հոկտեմբեր 29,2019 14:10

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը եւ նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարխսված քրիստոնեական, ժողովրդավարական եւ համամարդկային միեւնույն արժեհամակարգին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը խորին երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 1915 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման համար:

Ռոբերտո Ֆիկոյի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից եւ 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած տնտեսական, դատաիրավական եւ քաղաքական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին` Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով լուծմանը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բանակցությունների ներկա ընթացքը, շեշտել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական հռետորաբանությունը, բանակցություններում գրանցված յուրաքանչյուր առաջընթաց պետք է ողջունելի լինի: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային գործընկերների կողմից տարբեր հարթակներում հավասարակշռված եւ կառուցողական մոտեցումների ցուցաբերումը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում համաձայնեցված ձեւակերպումների կիրառմամբ:

Ռոբերտո Ֆիկոն, համաձայնելով հռետորաբանության վերաբերյալ Միրզոյանի տեսակետին, ընդգծել է, որ Իտալիան շարունակելու է նպաստել երկխոսության կայացմանը, որը միակ ճանապարհն է` հակամարտությանը խաղաղ եւ տեւական լուծում տալու համար:

Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերոջը` հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամուր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլեւ կաշխուժացնի կապերը բոլոր անդամ երկրների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031