Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք միլիոն «վարչապետները» Նիկոլ Փաշինյանին որոշումներ կայացնելու իրավունք են տվել. Դավիթ Գեւորգյան

Հոկտեմբեր 29,2019 14:14

«Հստակ կարող եմ ասել, որ գաղտնի որոշումները հրապարակման ենթակա չեն, չեմ ցանկանում իրավական տեսանկյունից ստանձնել պատասխանատվություն և բացահայտել ինֆորմացիան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Լրագրողները մարզպետից հետաքրքրվում էին վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին, որով պետական կառավարման համակարգում աշխատավարձեր են բարձրացվել, այդ թվում նաեւ մարզպետների պարգեւավճարների տեսքով:

Ըստ Արագածոտնի մարզպետի, պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ, հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ կան նաև պարգևավճարներ: Մարզպետը պատրաստ էր խոսել միայն այն տեղեկատվության մասին, որը գաղտնիություն չի պարունակում: Դավիթ Գևորգյանը հրաժարվեց ասել, թե որքան աշխատավարձ է ստանում, քանի որ ըստ նրա՝ դա գաղտնի ինֆորմացիա է:

Հարցին՝ նորմա՞լ է համարում, երբ երկրի ղեկավարը գաղտնի հանձնարարականով է բարձրացնում նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձը, մարզպետը պատասխանեց. «ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում: Երեք միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են և տվել վստահության քվե, որով էլ լիազորել են մեզ որոշումներ ընդունելու: Ես ու իմ թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»:

Մարզպետը «ոչ կոռեկտ» որակեց լրագրողի հարցը` ինքն արժանի՞ է 800  հազար դրամ աշխատավարձ ստանալուն: «Եթե ես արժանի չլինեմ և իմ կատարած աշխատանքը վատը լինի, ապա այդ պաշտոնում չէի լինի: Եթե ՀՀ վարչապետը վստահել է ինձ և շարունակում է վստահել Արագածոտնի մարզը, ապա գտնում է, որ ես արժանի եմ»:

Ինչ վերաբերում է մարզպետարանի շատ աշխատողների, որոնք դժգոհում են, քանի որ ցածր աշխատավարձ են ստանում, Դավիթ Գևորգյանն ասաց` ինքն էլ է դժգոհ, որ նրանք ցածր աշխատավարձ են ստանում: Իր կարծիքով, արդյունավետ պետական համակարգ ստանալու համար, պետք է պետական համակարգի ամենացածր վարձատրվող աշխատողները բարձր աշխատավարձ ստանան:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031