Պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով օրերս ՔԿՀ-ում այցելել էր Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանին, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր որոշակի մանրամասներ ներկայացրեց: «Անակնկալ էր Հունանյանից լսել որոշ շրջանակների անուններ, քաղաքական միավորների անուններ, որոնք զարմանալիորեն մեր օրերում դիրքավորված են բարիկադների մյուս կողմում եւ գրեթե նույնական հռետորաբանությամբ «պաշտպանում» են ՀՀ ժողովրդի եւ պետության շահերը, ինչպես այդ պաշտպանությանը լծված էր Հունանյանը՝ քսան տարի առաջ: Այդ մարդկանց անունները, որոնք ինձ ասում էր, այսօր դերակատարներ են մեր ներքաղաքական կյանքում եւ հստակ դիրքավորված են՝ քաղաքական նպատակադրումներով եւ կողմնորոշմամբ»,-նախ նշեց Արման Բաբաջանյանը:
Նա ընդգծեց, որ հանդիպման մասին շատ մանրամասներ պատմելուց ձեռնպահ կմնա. «Ինձ համար անընդունելի են վերջին օրերին սպառնալիքներն իմ հասցեին հայտնի շրջանակներից: Ապշած եմ, թե մինչեւ ուր կարող էին հասնել մարդկանց տրամադրությունները: Ցավում եմ նրանց համար: Նրանք կարոտում են այն ժամանակները, երբ տեռորը մեր կյանքի ուղեկիցն էր: Բայց հավատում եմ, որ այդ բեռը թոթափել ենք եւ ազատ կարող ենք մեր տեսածը պատմել եւ վերլուծել՝ առանց մտածելու, որ դրան կարող է հետեւել քոչարյանական եւ սերժսարգսյանական ռեժիմին հատուկ տեռորը»:
Արման Բաբաջանյանն ուշագրավ դրվագ պատմեց Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից. «Նաիրի Հունանյանը հիացած չէ թավշյա հեղափոխությամբ: Նրա մոտ վախ չեմ զգացել: Հակառակը, այսօր էլ մտածում է, որ առաքելություն ուներ իրականացնելու: Գտնում է, որ իր ազատությունն իրեն պետք չէ, այլ ժողովրդին, որովհետեւ վերջինս ուզում է փրկվել: Նա գտնում է, որ առաքելությունը պետք է ավարտին հասցնի»:
https://www.facebook.com/aravot.am/videos/565484927612449/
Կարդացեք նաև
Բաբաջանյանը հավելեց. «Մի բան կարող եմ ակնհայտ ասել. ՀՀ-ն այսօր հայտնի պատճառներով՝ Հոկտեմբերի 27-ի անդառնալի իրողության պատճառով պատրաստ չէ այս գործի վերաբացմանը, որովհետեւ կարծում եմ՝ ոչ միայն դատական համակարգը, այլեւ իրավական-քաղաքական համակարգը պատրաստ չեն այդ ծավալի գործ մարսելու: Համոզմունք ունեմ, որ դիմադրողունակ միջավայր եւ ինստիտուտներ ստեղծելու դեպքում մենք կկարողանանք մոտ գնալ վերաբացմանը: Մեկ մեծ գործ արդեն իսկ քննվում է, իսկ մյուսը կարող է խնդիրներ առաջացնել դատական համակարգի համար՝ անհրաժեշտ կարողությունների բացակայության տեսանկյունից: Կարողությունների բացակայությունը խնդիրներ կառաջացնի Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ