Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտակար հարցազրույց Բի-բի-սի-ին

Հոկտեմբեր 29,2019 22:00

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բրիտանական հեղինակավոր մեդիաընկերությանը քննադատական բնույթի խոսակցությունների եւ գնահատականների պատճառ դարձավ։

HardTalk` «ծանր խոսակցություն» կոչվող այս հաղորդաշարը, որը երկար տարիներ վարում է հայտնի լրագրող Սթիվեն Սակուրը, առանձնանում է իր ոճով, որը լավագույնս արտացոլված է իր անվանման մեջ։ Եվ մեր արտգործնախարարի համաձայնությունը եւ պատրաստակամությունը մասնակցելու հենց այդ հաղորդաշարին՝ ինքնին լավագույնս վկայում է մեր դիվանագիտության ինքնավստահության մասին։

Ի վերջո, ԱԳ նախարարի պարտականության մեջ չի մտնում հարցազրույցներ տալը բոլոր ցանկացողներին, եթե դա չի բխում դիվանագիտության՝ տվյալ պահի անհրաժեշտությունից կամ տրամաբանությունից, նրա պարտականությունն է՝ գլխավորել դիվանագիտական հիմնարկը, առաջ տանել երկրի շահերն արտաքին քաղաքական բոլոր հարթակներում, իսկ տարբեր հարցազրույցները կամ շփումները մամուլի հետ, այդ թվում՝ միջազգային, նպատակ ունեն արտաքին քաղաքականության մեր պատկերացումները ներկայացնել եւ այդ ամենը մամուլի միջոցով հասու դարձնել տարբեր հասցեատերերին: Բացի դրանից, մամուլն ինքը՝ կարող է շփում նախաձեռնել արտաքին գերատեսչության ղեկավարի հետ որոշ հարցեր պարզաբանելու նպատակով, եւ ղեկավարը կարող է ցանկացած ձեւով պատասխանել, ընդհուպ պատասխանից հրաժարվելը, ամենը կախված է պահի նպատակահարմարությունից։ Այս ամենը սպասարկում է նաեւ ԱԳՆ մամլո ծառայությունը, որոշակի պարբերականությամբ կամ իրադարձության բերումով լուսաբանելով, պարզաբանելով կամ մեկնաբանելով ոլորտին վերաբերող տարբեր հարցեր։

ԱԳ նախարարն, իհարկե, պաշտպանության նախարար չէ, բազմահազարանոց հայրենակիցների հանրահավաքին ելույթ ունեցող երկրի ղեկավար չէ, եւ նրա խոսքը, հռետորաբանությունը, բնականաբար, այլ է լինելու, իսկ քսան րոպեով եւ հաղորդավարի կոշտ եւ մասնագիտական առումով սադրիչ հարցերով սահմանափակված լինելով, Զոհրաբ Մնացականյանը ոչ թե պիտի հետեւեր լրագրողի «պոչին», այլ նույնիսկ անկախ հարցերից՝ իր ասելիքն ասեր։ Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ։ Իդեալակա՞ն էր։ Ոչ, իդեալական չէր, չէր էլ կարող լինել, սակայն թե՛ ասելիքը, թե՛ առարկությունները լրագրողի պնդումներին՝ եւ պատշաճ էին, եւ տեղին, եւ դիվանագիտական գերատեսչության ղեկավարին հարիր։

Իսկ, ասենք, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այլ լրատվամիջոցի լրագրողին ուղղակի հայտարարել է, որ եթե Ադրբեջանը նոր պատերազմ հրահրի, ապա նոր շրջաններ կկորցնի։ Իսկ կիրակի օրը լրագրողների հարցին  պատասխանելով, թե ինչպե՞ս է տեսնում Ղարաբաղյան հակամարտության լուծումը, Տոնոյանն ասել է. «Արցախի հարցը լուծված է»։ Բնականաբար, նույն նախադասությունը Զոհրաբ Մնացականյանը չի ասել, չի էլ ասելու, քանզի չպետք է ասի, այն էլ Բի-բի-սի-ով, դա, այսպես ասենք, «իր ասելիքը» չէ, ինչը չի նշանակում, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող, կառավարության անդամ եւ քաղաքական թիմի մեջ մտնող Զոհրաբ Մնացականյանը դրա հետ ներքուստ համաձայն չէ։ Ավելին, վստահ եմ, որ նա միանգամայն համամիտ է, ինչպես եւ մենք բոլորս։

Նույն ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում, կամ Լոս Անջելեսի հանրահավաքում մի «բառամթերքով» է հանդես գալիս, Հայաստանում մամլո ասուլիսի ժամանակ՝ այլ, իսկ միջազգային լրատվամիջոցներին տրված կամ տրվելիք հարցազրույցներում, բնականաբար, նա ստեփանակերտյան հանրահավաքի հռետորաբանությունը չի՛ գործածում եւ չի՛ գործածելու։

Նախարար Մնացականյանի հարցազրույցը Բի-բի-սի-ին շատ կարեւոր էր, հավասարակշռված, փայլուն անգլերենով, լեզվի իդիոմատիկ առանձնահատկությունների հմուտ կիրառմամբ։ Հիմա նրան քննադատում են։ Քննադատում են տպավորության տակ շտապողականություն ցուցաբերածները, որոնք, ըստ ամենայնի, այսօր արդեն ձեռնպահ կմնային։ Քննադատում եւ միաժամանակ հրճվում են «մտահոգվածները», ինչն ուղղակի անլուրջ է, թող հիշեն իրենց «փայլուն» արտգործնախարարների «գլուխգործոցները»՝ Օսկանյանի «օքյուփայդից» մինչեւ Նալբանդյանի՝ «մեր դաշնակցի բիզնեսը» նույն Բի-բի-սի-ին։ «Հաղթական» տրամադրություն է տիրում ադրբեջանական պրոպագանդայի խոսափողերի էջերում, որոնք նաեւ մեծ ուրախությամբ եւ «զրնգուն» վերնագրերով մեջբերում են մեր «մտահոգված» շրջանակների «քննադատությունները»։ Մի խոսքով, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենում։

Իսկ հարցազրույցը շատ օգտակար էր ինքնին՝ տեղի ունեցածի փաստով, քանզի Մնացականյանի վիզավի Մամեդյարովը խելքը հացի հետ չի կերել նման «վառարան» մտնի եւ հետո կարմրած դուրս գա, երբ բոլորը լիաթոք կծիծաղեն հարց հնչելուց, ասենք, թե ինչպե՞ս պատահեց, որ նույնիսկ իր պապիկից եւ հայրիկից իշխանություն ժառանգած Կիմ Չեն Ընն իր կնոջը փոխնախագահ չի նշանակում, իսկ ձեր «ամենաժողովրդավար» եւ «ամենաիմաստուն» առաջնորդն իր կոռումպացված չեկիստ հայրիկից իշխանություն ժառանգելով՝ դա անում է, իսկ հետո փորձում հայերին համոզել, թե որքան «լավ կյանք» է նրանց սպասում «ազատ Ադրբեջանում»։ Եվ սա ընդամենը հպանցիկ, մակերեսին, առանց երկար-բարակ մտածելու։

Հարցազրույցն օգտակար էր նաեւ, որ Հայաստանում բանավեճ ծագեր դրա շուրջ, եւ քաղաքականապես ակտիվ մասը մեր հասարակության մեջ, փորձագիտական հանրությունը եւս մեկ անգամ «ներսից» տեսներ, թե ինչպիսի փաստարկների հետ գործ ունի եւ պետք է գործ ունենա մեր դիվանագիտությունը, եւ ոչ թե լրագրողների, հեռուստաալիքների, այլ գործընկեր դիվանագետների հետ, այդ թվում՝ հակառակորդ երկրների կամ, ինչն ավելի ծանր է՝ «ռազմավարական դաշնակցի», որը հակառակորդիդ «պասեր» է տալիս իր տեղի-անտեղի «մտահոգություններով»։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031