Այսօր ամբողջ իրավական համակարգը, պետական ապարատը, իշխանական լրատվամիջոցներն աշխատում են գտնել ճանապարհներ՝ Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու համար։ Սա այսօրվա իշխանության «կենաց-մահու» խնդիրն է դարձել, կարծես թե դրանից է կախված Հայաստանի եւ հայ ժողովրդի հետագա լինելիությունը։ Դժվար է դիմակայել այդ ամենին, բայց Թովմասյանը չի ընկրկում, չի ընկճվում, երբ իր հետ թիրախավորված են նաեւ իր մտերիմ ընկերները, սանիկները, տարեց հայրը, քույրը, անգամ՝ դուստրերը…
Մարդը, հատկապես պրոֆեսիոնալ իրավաբանը, պետք է առավելագույնս վստահ լինի իր իրավական անխոցելիության մեջ, որպեսզի մտնի այդ պայքարի մեջ։ Դրա վկայությունն է նաեւ այն, որ ԱԱԾ-ն՝ որպես Թովմասյանի ապօրինի հարստացման ապացույց, բարձրացել է Թովմասյանի հայրական տան տանիքը, փորձել գտնել դրա վերանորոգման ֆինանսական աղբյուրը… ուրիշ լուրջ բան չեն գտել։ Հա, մեկ էլ աղջկա ավտոմեքենան, երբ շարքային վարսավիրն անգամ այսօր վարում է շքեղ ավտոմեքենա։
Այս ամենը ծիծաղելի է ու փաստում է, որ Թովմասյանը, իսկապես, իրավական առումով անխոցելի է։ Իսկ նրա պայքարող, չհանձնվող կերպարը, հավանաբար, շատերիս համար է նորություն. «Եթե սա լիներ Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիրը, ես Ձեզ վստահեցնում եմ՝ ես շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի։ Ինձ համար սա սահմանագիծ է, ինձ համար այսօր դա մեր սահմանի ինձ վստահված տարածքն է՝ Սահմանադրական դատարանը։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորի համար։ Եվ այստեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը… դրանք դավաճանությանը հավասար որոշակի խոսքեր են»։ Սրանք Թովմասյանի խոսքերն են։
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում