Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, այս այլանդակ վիճակը դեռ շատ երկար կշարունակվի. «Ժամանակ»

Հոկտեմբեր 29,2019 12:02

Իրավապաշտպանները և առհասարակ հանրությունը դատապարտում է դատավորի մասնակցությամբ միջադեպը։ Այն անձը, որը կոչված է արդարադատություն իրականացնել, փաստորեն, սովորական խուլիգանի վարքագիծ կարող է դրսևորել՝ արատավորելով դատավորի կոչումը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 խումբը դեպքի վայր գնալիս «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքը ուղղել նրանց վրա։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, նկատեց, որ սա խիստ բացասական միջադեպ է, քանի որ դատավորը պետք է լինի օրինակ իր անցած ճանապարհով ու ներկայով, բայց այս դեպքում ճիշտ հակառակի հետ գործ ունենք։ «Ցավոք սրտի, մենք տասնամյակներ շարունակ ունեցել ենք դատավորներ, որոնք որևէ կերպ չեն համապատասխանել իրենց զբաղեցրած պաշտոնին։ Հույս ունենանք, որ ԲԴԽ-ն ճիշտ որոշում կկայացնի ու առնվազն այս պահից սկսած նրա լիազորությունները կդադարեցնի, քանի որ նման վարքագիծ ունեցող դատավորը չի կարող արդարադատություն իրականացնել»,- ասաց Կարապետյանցը։

Անդրադառնալով զենք կրելուն, իրավապաշտպանը նկատեց, որ դատավորը կարող է օրենքով զենք կրել, օրենքով դա կարգավորվում է, այլ հարց է, որ զենքը ամեն տեղ չի կարելի կիրառել։ «Զենքը կարելի է կրել, կիրառել ինքնապաշտպանության համար, բայց ոչ մի պարագայում ինքնահաստատվելու համար»,- նկատեց մեր զրուցակիցը։

Իրավապաշտպանից նաև հետաքրքրվեցինք՝ նման միջադեպերը արդյոք հետևանք չեն նաև երկրում քրեածին մթնոլորտի աճով։ «Ես դեռևս 1.5 տարի առաջ եմ ասել, որ հեղափոխությունից հետո հատկապես իրավապահ, արդարադատություն իրականացնող մարմինները շահագրգռված չեն հեղափոխության տրամաբանական ավարտը տեսնելու, որովհետև հեղափոխության տրամաբանական ավարտը կնշանակեր նաև շատ շատերի առնվազն պաշտոնից հեռացում, իսկ լավագույն դեպքում՝ իրենք քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Դրա համար իրենք անում են ամեն ինչ, որ վարկաբեկեն ներկայիս իշխանություններին, տպավորություն ստեղծեն իշխանությունների կողմից հետապնդումների իրականացման և այլն։ Այս ամենը շատերի կողմից տեսանելի, ընկալելի չէ։ Դա տեսնելու համար որոշակի մասնագիտական գիտելիքներ են պետք։ Դա ունենալու դեպքում կարելի է հասկանալ, որ ներկայումս կամ արվում են վտանգավոր գործողություններ, կամ բացարձակ անգործություն է։ Երկու դեպքում էլ հետևանքները շատ լուրջ և կերևան որոշ ժամանակ անց։ Ցավոք սրտի, իշխանությունն աչք է փակում այս ամենի վրա, և առ այսօր քրեական գործեր չկան, քրեական պատասխանատվության ենթարկվողներ չկան, աշխատանքից հեռացվողներ չկան, իսկ դուրս եկողները նոր պաշտոններ են ստանում։ Քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, այս այլանդակ վիճակը դեռ շատ երկար կշարունակվի ու ավելի բարդ դրսևորումներ կստանա»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031