Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնդկաստանի դեսպան. Տնտեսական համագործակցության հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում, թեև Հնդկաստանը և Հայաստանն ունեն բավական ընդգրկուն և արդյունավետ քաղաքական հարաբերություններ

Հոկտեմբեր 29,2019 11:47

Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) նոյեմբերի 10-13-ը Երևանում անցկացնելու են հերթական  «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։

Այդ ոլորտում, և, ընդհանրապես, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին դեսպանության մամուլի ծառայությունը զրուցեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Կ․ Դ․ Դեվալի հետ։

– Պարոն դեսպան, ինչպե՞ս կբնութագրեք Հնդկաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը և զարգացման հեռանկարները, մասնավորապես, դեղագործության ոլորտում։

– Հնդկաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև տնտեսական, մասնավորապես, առևտրային կապերը խորը պատմական արմատներ ունեն։ Դրանք զարգանում են նաև ներկայումս՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ՝ առևտրից մինչև բարձր տեխնոլոգիաներ և դեղագործություն։ Վերջին տարիներին տնտեսական կապերի զարգացմանը նպաստեց Հնդկաստանի և Հայաստանի միջև արդեն ձևավորված բավական ընդգրկուն իրավապայմանագրային դաշտը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2017թ. նոյեմբերին Հայաստան Հնդկաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի պարզեցումը։

Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներկայիս մակարդակը բնորոշելու համար անդրադառնանք վիճակագրությանը (օրինակ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով)։ Այսպես, եթե ամբողջ 2017-ի ընթացքում Հնդկաստանից Հայաստան արտահանումը կազմել է 29.56 մլն ԱՄՆ դոլար, որից դեղագործական արտադրանքին բաժին է ընկել 680.000 ԱՄՆ դոլարը, ապա 2018-ին արտահանման ցուցանիշը կազմել է 51.42 մլն ԱՄՆ դոլար, որից 670․000 ԱՄՆ դոլարը դեղագործական արտադրանքն է։ Ինչպես տեսնում եք, Հնդկաստանից Հայաստան ապրանքների արտահանման ընդհանուր ծավալում դեղագործական արտադրանքի տեսակարար կշիռը բավական մեծ է:

Ինչ վերաբերում է Հնդկաստան հայկական ապրանքների արտահանմանը, ապա դրա ծավալները 2017 և 2018 թվականներին կազմել են, համապատասխանաբար, 3․29 մլն և 566.000 դոլար, իսկ 2018 և 2019 թվականների առաջին կիսամյակներում՝  համապատասխանաբար, 121.500 և 681.200 դոլար։ Ընդ որում, Հայաստանից Հնդկաստան դեղագործական արտադրանք արտահանվել է միայն 2017 թվականին՝ 25.900 դոլար ծավալով, և 2019-ի առաջին կիսամյակում՝ 3000 դոլար ծավալով։

Վերոնշյալ տվյալները հանրագումարի բերելով՝ պետք է նշեմ, որ, թեև Հնդկաստանը և Հայաստանն ունեն բավական ընդգրկուն և արդյունավետ քաղաքական հարաբերություններ, տնտեսական համագործակցության հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում։ Հենց այդ բացը լրացնելուն են ուղղված այնպիսի միջոցառումները, ինչպիսին է  «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը, որտեղ PHARMEXCIL-ի հովանու ներքո  հնդկական առաջատար դեղագործական 28 ընկերություններ հայկական ընկերություններին են ներկայացնելու իրենց արտադրանքը։ Այն ներկայացված է ամբողջ աշխարհում, հնդկական ընկերություններից շատերն ստացել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, PIC/S-ի (The Pharmaceutical Inspection Convention and Pharmaceutical Inspection Co-operation Scheme – Դեղագործական տեսչությունների կոնվենցիա և համագործակցության համակարգ), ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (US Food and Drug Administration) ու Եվրոպական Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրեր և դեղերի որակը, արդյունավետությունն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթեր: Հնդկական մեծ թվով դեղագործական ընկերություններ իրականացնում են սեփական դեղերի մշակումներ։

Որքան գիտեմ, Հայաստանում ևս դեղագործության ոլորտն արագ տեմպերով զարգանում է։ Այնպես որ, այդ ոլորտում հայ-հնդկական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն, և ժամանակն է, որ ոլորտի հնդկական և հայկական ընկերություններն իրացնեն այդ ներուժը՝ ոչ միայն դեղերի արտահանման-ներմուծման բնագավառում, այլև բռնեն համատեղ ձեռնարկությունների բացման, փորձի հնարավորինս լայն փոխանակման և, ինչու ոչ, դեղերի համատեղ մշակումներով զբաղվելու ճանապարհը։

–  Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է։  ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը նախատեսում են բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագիր (ԱԱՀ) ստորագրելու մասին ։ Ինչպե՞ս կազդի այդ համաձայնագրի ստորագրումը հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների վրա։

– ԵԱՏՄ-Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագիրը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների վրա, քանի որ նման համաձայնագիրը, առաջին հերթին, ենթադրում է փոխադարձ առևտրի ազատականացում՝ սակագնային և ոչ սակագնային կարգավորման բարենպաստ ռեժիմների սահմանման միջոցով։  Հնդկական ընկերությունները կունենան այդ պայմաններով ԵԱՏՄ 160 միլիոնանոց, ԵԱՏՄ պետությունների ընկերությունները՝ Հնդկաստանի 1.2 միլիարդանոց շուկա մտնելու հնարավորություն, որի օգտագործման ճանապարհին շատ կարևոր է, որ կողմերը լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն փոխանակեն, լավ ճանաչեն միմյանց։ Հնդկական բիզնեսը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, և պատահական չէ, որ PHARMEXCIL-ի պատվիրակությունը Հայաստանից հետո այցելելու ԵԱՏՄ երկրներ հանդիսացող Բելառուս և Ռուսաստան, իսկ այնուհետև նաև Ուզբեկստան։

Հուսով եմ, որ Հայաստանի գործարար համայնքը ևս կակտիվացնի իր աշխատանքը հնդկական շուկայում իր պատշաճ ներկայությունն ապահովելու, իսկ ՀՀ կառավարությունը՝ այդ ճանապարհին գործարարներին աջակցելու ուղղությամբ։

Հնդիկ  և հայ ժողովուրդներն ունեն մշակութային շատ ընդհանրություններ՝ նաև գործարար մշակույթի բնագավառում։ Հնդիկ և հայ գործարարները կարող են անել առավելագույնը միմյանց հետ համագործակցելու միջոցով ավելի մեծ արժեքներ ստեղծելու, Հնդկաստանի և Հայաստանի բարգավաճմանը նպաստելու առումով։ Եվ Հնդկաստանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը կարող է լինել այն գործիքներից մեկը, որը նրանց առջև կբացի համագործակցության ավելի լայն հնարավորություններ։

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031