Երեկվանից փորձում եմ հասկանալ, թե վերջին անգամ որտեղ, երբ ու ում է իշխանության յուրացման ծանր մեղադրանք առաջադրվել, ինչպես Արա Բաբլոյանին ու Արսեն Բաբայանին: Մեր երկրում սա, կարծեք, աննախադեպ է. արդեն գրվել է:
Պարզվում է` նման մեղադրանք չի առաջադրվել անգամ Պինոչետին, Սադամին ու Պոլ Պոտին: Զարմանալի է, բայց նման մեղադրանք չի առաջադրվել անգամ սովետական մեծ տեռորի ու մեծ զտման տարիներին Յագոդայի, Յեժովի, Բերիայի ու Վիշինսկու կողմից: Նրանց մտքի առավելագույն թռիչքը «արևմտյան հետախուզությունների հետ համագործակցությունն ու իմպերիալիզմի գործակալ լինելն էր», «ընկեր Ստալինի ու սովետական առաջնորդների ֆիզիկական ոչնչացման ծրագրավորումը», «կապիտալիզմի վերականգնումը», «ահաբեկչական կազմավորումների ստեղծումը», «գաղտնի համագործակցությունը տրոցկիստների հետ» և այլն:
Ի միջի այլոց, Արթուր Դավթյանի և Սասուն Խաչատրյանի նկարչության ֆոնին, տեղին է հիշեցնել, որ մեծ տեռորի այդ ողջ ընթացքում հիմնական մեղադրողի դերում անփոփոխ հանդես էր գալիս ՍՍՀՄ գլխավոր դատախազ ընկեր Վիշինսկին: Նա այդ տարիներին սիրում էր փակ շրջանակներում կրկնել. «Մենք պետք է հիշենք ընկեր Ստալինի հանձնարարությունները, որ հասարակության կյանքում լինում են այնպիսի պահեր ու փուլեր, երբ օրենքները պետք է մի կողմ դնել»:
Դա այդ նույն Վիշինսկին էր, որը հեղափոխությունից հինգ պակաս` 1917 թ. սեպտեմբերին, դեռևս մենշևիկ էր ու որպես միլիցիայի կոմիսար, Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցների սյուներին ինքնամոռաց փակցնում էր «պետական հանցագործ Ուլյանով-Լենինի ձերբակալության մասին» ժամանակավոր կառավարության արդարադատության նախարար Մալյանտովիչի հրամանը:
Կարդացեք նաև
Ահա այդ ճակատագրական «ստորագրությունն» էր, որ Վիշինսկին ժամանակին դրել էր հեղափոխության առաջնորդ Լենինի ձերբակալության որոշման տակ, ինչից քաջատեղյակ էր նաև Ստալինը և ամենակարող НКВД-ն: Այդ «ստորագրությունն» էր, որ մահակի նման կախված էր իր գլխավերևում ու գտնվում էր Ստալինի ձեռքում… Ու Վիշինսկին ինքնամոռաց անում էր այն, ինչ թելադրում էր «հեղափոխության հաղթանակը», իսկ իրականում` Ստալինի միանձնյա կամքը, ամեն օր սպասելով, որ «Պրավդա»-ն կարող է և հրապարակել Լենինի ձերբակալության տակ իր դրած ստորագրության պատմությունը, ու ինքը նույն օրը գլխավոր մեղադրողից կհայտնվի «հակահեղափոխականների» շարքերում:
Հ.Գ. Միջազգային հարթակներում սովորական է դարձել ադրբեջանցի պատգամավորներից լսել մի արտահայտություն, որն այնքան ծիծաղելի է, որ երբեմն անգամ հրապարակային պատասխան չի պահանջում` оккупанты: Հիմա Բաբլոյանինն ու Արսենինն է` узурпаторы…
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր