Մումբայում եւ Դելիում անցկացված շախմատի աշխարհի մինչեւ 18 եւ մինչեւ 20 տարեկանների առաջնություններում մեր շախմատիստների մրցելույթներից Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Մինասյանը ընդհանուր առմամբ գոհ է: Շանթ Սարգսյանը երկու առաջնություններում էլ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը, իսկ Արթուր Դավթյանը եւ Արամ Հակոբյանը դարձան բրոնզե մեդալակիր:
Մարզիչը մեդալակիր տղաներին համարեց Հայաստանի պատանեկան շախմատի վետերաններ: «Նրանք արդեն այնքան մեդալ են նվաճել Հայաստանի համար, որ արդեն կարելի է նրանց վետերան համարել», – կատակեց Արտաշես Մինասյանը եւ ավելացրեց, որ այս շախմատիստներն իրենց ցույց տված խաղի մակարդակով արդեն թակում են ազգային հավաքականի դռները:
Համաշխարհային օլիմպիադաների հաղթող, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը վերջին տարիներին մարզում է այս շախմատիստներին, ասաց, որ իրեն շատ հաճելի է աշխատել տաղանդավոր երիտասարդների հետ: Նրա խոսքով, տղաների այս շատ բարձր արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում կա շախմատային շատ լավ դպրոց, ինչը հույս է տալիս, որ մեր երիտասարդ շախմատիստներն ապագայում կհամալրեն Հայաստանի հավաքականը եւ մեր երկիրն արժանիորեն կներկայացնեն աշխարհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև