Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում իրավական անհասկանալի գործընթացներ են, որոնք օրենքի ու արդարության հետ ոչ մի աղերս չունեն։ Սրան գումարած հաճախ գործ ունենք ընտրողական արդարադատության հետ։ Հիշյալ խնդիրների շուրջ է «Իրատեսի» զրույցը քաղաքական գործիչ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
-Ի՞նչն էր պատճառը, որ իշխանափոխության այդ օրերին առկա մեծ էներգիան չկապիտալացվեց, չօգտագործվեց ճիշտ ուղղությամբ։
-Պատճառն իշխանության եկած մարդկանց բնույթն է, տեսակը, մտածողությունը։ Կառավարության ղեկավարն իր էությամբ քանդող, ջնջող, քննադատող տեսակ է, չի կարող որևէ բան կառուցել, չի կարող մտածող, առողջ գիտակից ուժերի համախմբել։ Համախմբի, որ ի՞նչ անի, որ 2 մլն դոլարով ամառանոց վերանորոգի՞, 500 հազար դոլարի մեքենաներ գնի՞… Այդ երիտասարդների խանդավառությունը պետք է ճիշտ հունավորվեր, բայց առաջին քայլերն արդեն ապացուցեցին, որ նպատակներն այլ են։
-Պարոն Վարդանյան, Դուք այն քիչ պատգամավորներից էիք, որ առաջին իսկ օրը ԱԺ ամբիոնից կասկած հայտնեցիք, թե այս իշխանությունը կհաջողի։ Ո՞րն էր Ձեր թերահավատության հիմքը։
Կարդացեք նաև
-Ես գիտեի մեր իրականությունը և եկողների բնույթն ու տեսակը։ Բավական իրազեկ էի, գիտեի ներքին գործընթացների մասին։ Չի կարող հեռանկար լինել, երբ մի բան ասում ես, բայց լրիվ այլ բան անում։ Հնարավոր չէ այսօր մի տեսակետ ունենալ, վաղը այն 180 աստիճանով փոխվի և ճիշտ ճանապարհ ընտրվի։ Գիտեի, որ այս իշխանությունն իր մտածողությամբ չի կարող կառուցողական լինել։ Բայց այն վտանգները, որոնք ժամանակին տեսնում էի, հետագայում բազմապատկվեցին ու տասնապատկվեցին։ Չէի կարծում, թե այսքան վատը կարող էին լինել։
-Ի՞նչ եք կարծում, անդառնալի զարգացումներ եղե՞լ են այս ընթացքում։
-Ապրիլյան քառօրյայից առաջ մթնոլորտը դարձյալ այն չէր, դժգոհություններ շատ կային։ Ոմանք ասում էին` եթե պատերազմ լինի, ոչ մեկը չի գնա, ես հակառակում էի համոզված, ասում էի՝ դուք մեր ժողովրդին չեք ճանաչում։ Ի վերջո, մեկ-երկու տարվա փոխվող գեն, արժեհամակարգ չեն։ Համախմբումը եղավ, ինչը 2016-ի ամռանը փորձեց ջարդել ահաբեկչական կազմակերպությունը։ Այսօր էլ եմ լիահույս։ Նույն հայ մարդիկ են։ Լինում են ցնցումային պահեր, սրվում են զգացողությունները, մարդիկ գնում են մի ուղղությամբ, բայց խորքում հազարամյակներով ձևավորված հոգևոր, մշակութային հենքը նույնն է մնում։
Համոզված եմ, որ այս իշխանության հեռացումից հետո նոր գաղափարախոսություն, արժեհամակարգ կրող իշխանությունից մեկ-երկու տարի է պահանջվելու, որ մարդիկ վերադառնան իրենց բնական հոգեկերտվածքին։ Անդառնալի բաներ չեմ տեսնում, կարծում եմ, այս ցնցումը, հիվանդության ախտորոշումը կօգնի հետագայում բացառելու նման պատահականությունները։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում