Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանական պատգամավորները չեն հետեւում լրատվամիջոցներին եւ կառավարությանը

Հոկտեմբեր 28,2019 23:05

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման հենց առաջին օրը ցույց տվեց, որ բացի պաշտոնյաների աշխատավարձը գաղտնի բարձրացնելուց, «թավշյա» Հայաստանում այլ իներցիա էլ է պահպանվել․ խորհրդարանում խոսել մի թեմայից, որին չես հետեւել։

Այս անգամ նկատի ունեմ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանին եւ Քրիստինե Պողոսյանին։ Քննարկվում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվելիք պետական գումարների չափն ու Հայկ Կոնջորյանը խոսեց հրշեջների տեխնիկական հագեցվածությունից, հրշեջ ուղղաթիռներ գնելու մասին հիշատակեց։

Քրիստինե Պողոսյանն էլ մտահոգ տոնով պահանջեց վերանայել ԱԻՆ ռազմավարությունը եւ հրշեջների կյանքի անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցներ ձեռք բերել։ Հա, մի բան էլ՝ Քրիստինե Պողոսյանն ասաց, որ իր խոսքը հարց չէ՝ պահանջ է։ «Յա՞, իրոք», կասեր մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա։

Այս «պոռթկումը» հերթական ու ավելորդ անգամ ապացուցում է, որ «թավշյա» պատգամավորները «Ֆեյսբուքից» այն կողմ բան չեն տեսնում, չեն հետեւում ոչ լրատվամիջոցներին, ոչ կառավարության գործունեությանը։

Եթե հետեւեին, ապա տեղյակ կլինեին, որ հոկտեմբերի 4-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին եւ հայտարարել, որ կառավարությունում քննարկվում է ԱԻՆ կարիքների համար չորս ուղղաթիռ գնելու հարցը։

Եթե հետեւեին, ապա կիմանային, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ին արտակարգ իրավիճակների նախարարությանը լրացուցիչ 261,382 միլիոն դրամ է հատկացրել՝ տեխնիկական հագեցվածության համալրման համար։ Այդ գումարով գնվելու են ոչ միայն պարզագույն հրդեհաշիջման միջոցներ, այլ նաեւ մարտական հագուստ, ներկառուցված տեսախցիկներով սաղավարտներ եւ այլն։

Փրկարարի կյանքի մասին միայն խոսքով մտածող պատգամավորը պիտի որ տեղյակ լիներ, որ մշակվել եւ օգոստոսին հանրային քննարկման համար կայքում տեղադրվել է «Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության եւ դրա իրականացման 2020-2030 թվականների միջոցառումների ծրագրի» նախագիծը, ուր հստակ գրված է, որ զարգացում ապահովող քայլերից են հրշեջ-փրկարարական ջոկատների, հենակետերի նյութատեխնիկական բազայի համալրումը, թարմացումը, տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավումը եւ այլն։

Եթե հետեւեին, հարց չէին տա`ընդամենը հարց տալու համար: Ոլորտում առկա խնդիրների մասին հարցեր կհնչեին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031