«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի մահվան մասին հանդիսավոր հայտարարեց անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Արդյոք ահաբեկչական խմբավորման առաջնորդի մահը նշանակում է, որ ծայրահեղական խմբավորման գործունեությունը ևս կդադարի՝ հարցադրում է անում BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի(Չաթըմ Հաուս) մերձավորարևելյան ծրագրի ղեկավար Լինա Խատիբը, կարծում է, որ Ալ-Բաղդադիի մահը չի նշանակում Իսլամական պետության գործունեության վերջ: Ծայրահեղական խմբավորման ապագան կախված է ոչ այնքան առաջնորդի առկայությունից, որքան Սիրիայում իրավիճակից:
«Բաղդադին կարևոր անձ էր ԻՊ-ում, հատկապես այն ժամանակահատվածում, երբ այդ կազմակերպությունը պատրաստվում էր խալիֆայություն կամ սեփական իսլամիստական պետությունը հիմնել… Չնայած Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի պարտությանը, խմբավորման առաջնորդները խալիֆայության վերածննդիր հույսերը նախկինի պես կապում էին Ալ-Բաղդադիի հետ: ԻՊ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում զգալիորեն կրճատվել էր դեռևս մինչև Թուրքիայի ներխուժումը երկրի հյուսիս, բայց խմբավորումը շարունակում էր գործել: Իսլամիստները տարերային հարձակումներ էին իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում, հաճախ հարձակման թիրախ դառնում էին խաղաղ բնակիչները: ԻՊ-ն առավել ակտիվ է Դեյր Էլ Զոր քաղաքի շրջակայքում՝ Սիրիայի հյուսիս արևելքում:
Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները, որոնց կազմում քրդական կազմավորումներն են, վերահսկում են այդ շրջանը, բայց չեն վայելում բնակչության աջակցությունը, որի մեծ մասը արաբներ են, վերջիններս չեն ընդունում ո՛չ քրդերին, ո՛չ սիրիական բանակին, ո՛չ Իրանի աջակցությունն ունեցող ջոկատներին: Տեղի արաբ ցեղերն էլ վերջերս բողոքի ակցիա էին կազմակերպել սիրիական վարչակարգի ու Իրանի դեմ: Մինչև Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս՝ Դեյր էլ Զորում արաբ ցեղերի ու քրդերի բախումներն ավարտվում էին ԻՊ-ի ակտիվացմամբ…
Կարդացեք նաև
Թուրքիայի ներխուժումից հետո ԻՊ-ի զինյալները փորձեցին օգտվել քրդերի ջոկատների կրճատումից Դեյր էլ Զորի շրջանում, սակայն քրդերի թողած տարածքները գրավելու փորձեր չեղան: Դա վկայում է, որ ԻՊ-ի ռազմական հնարավորությունները էականորեն նվազել են: Ջիհադականներին զսպում է նաև այն, որ այդ շրջանում տեղակայված են միջազգային կոալիցիայի ուժերը, որոնք Թրամփի խոսքով պահպանում են նավթային հանքավայրերը:
Հավանական է, որ ԻՊ-ը կփորձի Ալ-Բաղդադիի մահն օգտագործել կողմնակիցներին համախմբելու և վրեժի կոչ անելու համար: Բայց ըստ ամենայնի անցել են այն օրերը, երբ խալիֆայության կողմնակիցները կռվում էին մինչև վերջին կաթիլ արյունը:
Ըստ ամենայնի ԻՊ-ը Բաղդադիի իրավահաջորդ կընտրի, բայց կազմակերպության համար շատ ավելի կարևոր է իրավիճակի զարգացումը Սիրիայի հյուսիս-արևելքում ու հյուսիս-արևմուտքում…Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիս-արևելքին, ապա սիրիական բանակն ընդլայնում է իր ներկայությունն այս շրջանում, բայց ունի սահմանափակ հնարավորություններ՝ սակավաթիվ զինծառայողների և անհրաժեշտ տեխնիկայի բացակայության պատճառով, բացի այդ բանակը ստիպված է ճնշել ապստամբությունը Դարաա քաղաքում՝ երկրի հարավում, ինչպես նաև պատրաստվում է Իդլիբի վրա հարձակմանը: Հյուսիս-արևելյան շրջանները նախկինի պես գտնվում են քրդերի վերահսկողության տակ, թեպետ վերջին ժամանակներս նրանք գործում են սիրիական դրոշի ներքո:
Եթե միջազգային կոալիցիայի ուժերը հեռանան Դեր էլ Զորից, ԻՊ-ը կարող է արաբների հետ դաշինքով գրավել այդ տարածքները: Բայց նախագահ Թրամփը հայտարարել է, որ կոալիցիան չի պատրաստվում հրաժարվել նավթային հանքավայրերի պաշտպանությունից: Իրավիճակը հյուսիս-արևելքում ցույց է տալիս, որ նույնիսկ եթե միջազգային կոալիցիան Բաղդադիի սպանությունը համարում է մեծ հաղթանակ, ԻՊ-ի ջիհադիստների ազդեցության վերականգնման հիմնական աղբյուրը հակամարտող կողմերի լարված հարաբերություններն են տեղում, իսկ նման վերածննդի կարող է խոչընդոտել միայն միջազգային կոալիցիայի ուժերի ներկայությունն այդ շրջաններում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ