Հայաստանը ազգային տաղավարով ներկայացել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ 162 օր անընդմեջ լայնորեն և բազմակողմանի ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր:
Ցուցահանդեսի անցկացման 6 ամսվա ընթացքում հայկական տաղավարի այցելուներին ներկայացվել են հայկական արտադրության, միջազգային շուկաներում մրցունակ տարբեր ապրանքատեսակներ՝ այդ թվում խաղողի և նռան գինիներ, կոնյակ, մրգային պահածոներ, շոկոլադ, տարատեսակ հայկական քաղցրավենիքներ, հայկական թարմ ծիրան և տարատեսակ մրգային չրեր: Միջին հաշվարկով՝ Հայաստանի տաղավարի այցելուների քանակը կազմել է օրական 25-ից 30 հազար մարդ, իսկ այցելությունների ամենաբարձր թիվը գրանցվել է մայիսի 2-ին՝ 120 հազար մարդ:
Սեպտեմբերի 22-ին, Պեկինի Այգեգործական համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Միջոցառմանը ներկա են եղել Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Պեկին ԷՔՍՊՈ-2019-ի Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը, ՉԺՀ-ում Հայաստանի և այլ դեսպանությունների դիվանագետներ, ցուցահանդեսի կազմկոմիտեի, ինչպես նաև գործող միջազգային տաղավարների տնօրեններ և ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Պեկին ԷՔՍՊՈ-2019 հայկական տաղավարի տնօրեն Կարեն Խաչատրյանը, ապա ներկաներին իրենց ուղերձներով դիմել են Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը և Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի ներկայացվածությունը Պեկինի այգեգործական համաշխարհային ցուցահանդեսին երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված քայլերի հերթական վկայությունն է: Ցուցահանդեսը Հայաստանը ճանաչելու նպաստավոր հնարավորություն է ստեղծել չինական շահագրգիռ ընկերությունների, ինչպես նաև ցուցահանդեսի մեծաքանակ այցելուների համար: Միջոցառմանը համերգով հանդես է եկել նաև Երևանից ժամանած հայ երաժիշտների «Նյուանս» ջազ-ֆոլկ նվագախումբը:
Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Պեկին ԷՔՍՊՈ-2019-ի հանդիսավոր փակման արարողությունը, որի ընթացքում փակման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանը:
Ցուցահանդեսի փակման կապակցությամբ անցկացվել է Պեկինի համաշխարհային պարտեզների մրցանակաբաշխությունը, որտեղ «Հայկական տաղավարը» նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակը:
«Live Green, Live Better» թեմայով ցուցահանդեսը իր տեսակով և ընդհանուր զբաղեցրած 503 հա մակերեսով ամենամեծն է եղել պատմության մեջ, որին մասնակցել են 110 երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Մոտ կես տարի տևած Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսի այցելուների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 9.3 միլիոն մարդ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ է ունեցել Չինաստանի նա խագահ Սի Ծինփինը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն