Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր, զուգորդված պետության օրինական շահերին էական վնասի պատճառմամբ և ծանր հետևանքների առաջացմամբ:
Մասնավորապես, ստացվել են փաստական տվյալներ, որ ՀՀ կառավարության որոշումների համաձայն կառուցապատման աշխատանքներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մեկին թույլատրվել է իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված անշարժ գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, նույն շենքի երեք հարկերի կառուցապատման, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և Երևանի թիվ 47 դպրոցում վերանորոգման՝ ընդհանուր առմամբ շուրջ 870 միլիոն ՀՀ դրամի աշխատանքներ՝ դրա դիմաց կառուցապատողի սեփականությանը՝ Կենտրոն վարչական շրջանի հիշյալ անշարժ գույքի 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և առաջին հարկի տարածքների ու հողամասի բաժնային մասը հանձնելու, ինչպես նաև 821 քառ. մետր ընդհանուր մակերեսով նոր՝ 5-րդ հարկի և բարձր տանիքով ձեղնահարկի կառուցումը թույլատրելու պայմանով:
Գործընթացի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել և հաստատել են նշված աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքը տնտեսվարող սուբյեկտին փոխանցելու, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու, ինչպես նաև նույն հասցեում տեղակայված շինության 5-րդ հարկ և ձեղնահարկ կառուցելու թույլտվություն տալու համար:
Բացի այդ, նշված շինարարական աշխատանքների կատարման ընթացքում, 2013 թվականին, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի կողմից կառուցապատումն իրականացնող ընկերության տնօրենին ներկայացվել է ապօրինի պահանջ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի ազգականին պատկանող տան վերանորոգման համար շինանյութ տրամադրելու վերաբերյալ: Կատարելով ներկայացված պահանջը՝ նշված անձի կողմից տրամադրվել է 480.000 ՀՀ դրամ արժողության շինանյութ:
Կարդացեք նաև
Նշված գործունեության հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն ապահովվել կառավարության որոշումների պահանջների կատարումը, այլև Հայաստանի Հանրապետությանը պատկանող, առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքն անիրավաչափ կերպով օտարվել է՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Բացի այդ, 2011 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ պաշտոնատար անձանց կողմից խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով, ՀՀ արդարադատության նախարարությունում վարորդի հաստիք զբաղեցնող անձը, շարունակելով իրականացնել նշված գործառույթները, հրամանագրվել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք այլ ստորաբաժանումների հաստիքացուցակով նախատեսված պաշտոններին՝ չկատարելով համապատասխան պարտականությունները, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և պետական բյուջեից վճարվել է վարորդի աշխատավարձից շուրջ 1.841.000 ՀՀ դրամով ավելի բարձր վարձատրություն:
Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱԱԾ մամուլի կենտրոն